Հնդկաստանը եւ Չինաստանը նախատեսում են վերսկսել որոշ քաղաքների միջեւ ուղիղ չվերթները հինգ տարվա ընդմիջումից հետո, քանի որ երկու երկրների միջեւ հարաբերությունները սկսում են մեղմվել, հաղորդել է Associated Press-ը՝ հղում կատարելով Հնդկաստանի իշխանություններին։
Երկու երկրների միջեւ ուղիղ չվերթները դադարեցվել էին 2020թ․ Covid-19 համավարակի ժամանակ եւ չեն վերսկսվել Պեկինի եւ Նյու Դելիի միջեւ շարունակվող սահմանային լարվածության պատճառով։
Վերոնշյալ քաղաքների միջեւ չվերթները կվերսկսվեն հոկտեմբերի վերջին՝ կախված առեւտրային փոխադրողների որոշումներից, հայտարարել է Չինաստանում Հնդկաստանի դեսպանատունը WeChat սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ: Այս վերսկսումը Հնդկաստանի կառավարության «Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները աստիճանաբար կարգավորելու մոտեցման» մի մասն է, հավելել են դեսպանատանը։
Հնդկաստանի խոշորագույն ավիաընկերությունը՝ IndiGo-ն, հինգշաբթի հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ից վերսկսելու է չվերթները Կալկաթայից (Հնդկաստան) Գուանչժոու (Չինաստան):
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անցյալ ամիս յոթ տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Չինաստան՝ մասնակցելու տարածաշրջանային անվտանգության ֆորումին, որը երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ջանքերի մի մասն է։
Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունները կտրուկ վատթարացել են 2020թ․՝ վիճելի Հիմալայան սահմանի երկայնքով անվտանգության հարցերով բախումներից հետո։
Տասնամյակների ընթացքում ամենադաժան բռնության հետեւանքով սպանվել է չորս չինացի եւ 20 հնդիկ զինծառայող, ինչը հանգեցրել է բարձր մակարդակի քաղաքական շփումների դադարեցմանը։

