Եվրամիությունը պատժամիջոցների փաթեթ կսահմանի Իրանի դեմ՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար։ Դաշինքը մտադիր է հավանություն տալ այդ քայլին, երբ ԵՄ առաջնորդները կհավաքվեն այս ամսվա վերջին Բրյուսելում անցկացվելիք գագաթնաժողովին, հաղորդում է Bloomberg-ը:
Միջոցառումների առաջին փաթեթը կվերաբերի մոտ մեկ տասնյակ անհատների և կազմակերպությունների, դրանց թվում՝ ինժեներական, մետալուրգիական և ավիացիոն ընկերություններին:
ԵՄ սահմանափակումները կլինեն հրթիռների մատակարարման առաջին պատասխանը, և ներկայում դիտարկվում են լրացուցիչ ցանկերը:
ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ երկրների աջակցությունը, և նախքան դրա տեղի ունենալը ծրագրերը կարող են փոխվել:
Միացյալ Նահանգների ու Եվրոպայի գնահատականներով՝ Իրանն անցյալ ամիս բալիստիկ հրթիռներ է մատակարարել Ռուսաստանին։ Դա ստիպեց, որ ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կիրառեն: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի 2,5-ամյա պատերազմի ընթացքում Իրանը Մոսկվային միաժամանակ հարյուրավոր հարձակողական անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ է տրամադրել, սակայն բալիստիկ հրթիռների փոխանցումը ազդարարում է հակամարտության մեջ ավելի խորը ներգրավվածության մասին:
Բրիտանական հետախուզությունը հայտնել է, որ Մոսկվան ստացել է Fath-360 հրթիռներ, որոնք կարող են խոցել թիրախները 120 կիլոմետր շառավղով։ Նման զինատեսակների օգնությամբ Ռուսաստանը կկարողանա գրոհել ռազմաճակատային գծի մոտ տեղակայված ռազմական ու քաղաքացիական օբյեկտները։ Միաժամանակ հակառակորդը կկարողանա ավելի մեծ շառավղով սեփական արտադրության հրթիռներ օգտագործել։

