Երևանում պետք է սահմանափակվի էլեկտրական ինքնագլորների երթևեկությունը մարդաշատ վայրերում։
Այսօր ամբողջ քաղաքը լցված է էլեկտրական ինքնագլորներով, որոնք շատ դեպքերում այլևս պարզապես տեղաշարժման միջոց չեն, այլ իրական վտանգ են հետիոտների, հատկապես՝ երեխաների և տարեցների համար։
Մայթերը նախ և առաջ հետիոտների համար են։ Անընդունելի է, երբ մարդաշատ մայթերով, զբոսայգիներում կամ այլ հանրային տարածքներում բարձր արագությամբ ինքնագլորներ են երթևեկում՝ մարդկանց ստիպելով անընդհատ զգուշանալ հնարավոր բախումից։
Խնդիրը նաև հենց վարողների անվտանգությունն է․ ինքնագլորների մասնակցությամբ պատահարների հետևանքով վնասվածքներ կարող են ստանալ ինչպես հետիոտները, այնպես էլ դրանց վարողները։ Երևանում այս խնդրի մասին արդեն արձանագրվել են բազմաթիվ ահազանգեր և դեպքեր։
Երևանի քաղաքապետարանը պետք է լրջորեն զբաղվի այս հարցով և հստակ սահմանի այն տարածքները, որտեղ թույլատրվում է էլեկտրական ինքնագլորների երթևեկությունը։ Մարդաշատ վայրերում և հետիոտների համար նախատեսված գոտիներում դրանց երթևեկությունը պետք է արգելվի կամ խիստ սահմանափակվի։
Երևանցին պետք է կարողանա հանգիստ քայլել իր քաղաքում՝ առանց վախենալու, որ հաջորդ վայրկյանին իր կամ իր երեխայի վրա էլեկտրական ինքնագլոր կքշեն։

