ՀՀ կառավարությունում հանդիպում է տեղի ունեցել «Ծառուկյանի գործի» շրջանակում փակված ձեռնարկությունների ղեկավարների խմբի հետ։ Հիշեցնենք, որ փակվել էին գործարար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի քանի տասնյակ օբյեկտներ՝ մարզահամալիրներից մինչև գործարաններ։
Հանդիպման մասնակիցների խոսքով՝ իրենց ընդունել է ոմն Համլետ Նազարյան, ուշադիր լսել բողոքները և խոստացել պատասխան տալ։ Որևէ ժամկետ կամ կոնկրետ խոստում չի հնչել, ընդհակառակը՝ առաջարկվել է որոշակի հարցումներ և դիմումներ ներկայացնել այլ մարմիններին։
Մարդիկ պահանջում են վերսկսել հուլիսի 6-ից փակված ձեռնարկությունների աշխատանքը։ Բոլոր օբյեկտներն առանց բացառության հսկայական վնասներ են կրում, աշխատակիցները զրկված են աշխատավարձից, ուստի չեն կարողանում մարել սեփական վարկերը։ Շատերը չեն կարողացել գալ բողոքի ակցիային՝ տրանսպորտի համար միջոցներ չունենալու պատճառով։
Հավաքվածները որոշել են մնալ Կառավարության շենքի մոտ՝ սպասելով հստակության։

