Իրանի գերագույն ղեկավարի ավագ ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որևէ առնչություն չունեն Հորմուզի նեղուցի վերահսկողության հետ՝ ընդգծելով, որ այդ երթուղուց օգտվում են աշխարհի բոլոր երկրները, հայտնում է Mehr-ը։
Ռեզայի խոսքով՝ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի և Օմանի տարածքային ջրերում, ինչի պատճառով էլ Վաշինգտոնը չպետք է միջամտի դրա օգտագործմանն առնչվող հարցերին։
«Հորմուզի նեղուցը որևէ կապ չունի ԱՄՆ-ի հետ։ Դրանից օգտվում է ամբողջ աշխարհը, սակայն ոչ մի երկիր թույլ չի տա, որ Ամերիկան միանձնյա միջամտի դրա ճակատագրին»,- հայտարարել է Ռեզային։
Նա նշել է, որ այս նեղուցն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Պարսից ծոցի մուտքն է, այլ ոչ թե երկու ծովերի կամ օվկիանոսների միջև սովորական ջրային ուղի։
«Ինչո՞ւ է ԱՄՆ-ն ցանկանում Հորմուզի նեղուցով մտնել Պարսից ծոց։ Հենց սա է պատճառը, որ մենք կասկածանքով ենք վերաբերվում ամերիկյան հակառակորդ կառավարությանը, քանի որ Իրանը գտնվում է ԱՄՆ-ի հետ առճակատման մեջ»,- հավելել է խորհրդականը։
Ռեզայի այս հայտարարությունը հնչել է նավթի համաշխարհային փոխադրումների առանցքային մաս հանդիսացող Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված լարվածության սրման ֆոնին։
Վերջին շաբաթներին Իրանը բազմիցս հայտարարել է տարածաշրջանում նավերի տեղաշարժը վերահսկելու պատրաստակամության մասին և նախազգուշացրել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հնարավոր ռազմական ճնշման հետևանքների մասին։

