Հայաստանում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի ներդրմանը բժիշկները միանշանակ կողմ են, սակայն դրա իրականացումը մեր երկրում արդեն խնդիրներ է առաջացրել։ Այս մասին առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրներին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ հայտարարեց բժիշկ Էլիզաբեթ Գրիգորյանը։
«Ուրախ ենք, որ այցելուները ստիպված չեն իրենց գրպանից վճարել բուժօգնության համար, բայց չենք կարող չարձանագրել, որ դրան զուգահեռ նվազել են բուժաշխատողների աշխատավարձերը՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր բժշկական կենտրոններում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ապահովագրական համակարգը չի կարող կայուն լինել, եթե չի ապահովում բժշկի աշխատանքի կայունությունը։
«Այսօր բուժաշխատողների վարձատրության մեթոդաբանությունը փոխվել է՝ ի վնաս բուժաշխատողների»,- նշեց նա։
Խոսելով ավելի առարկայական խնդիրների մասին՝ Գրիգորյանը նշեց, որ բժշկին ընդամենը 15-20 րոպե ժամանակ է տրվում հիվանդին զննելու, բուժում նշանակելու և այդ ամենը «Արմեդ» համակարգում մուտքագրելու համար։
«Իրականում բժիշկները շատ ավելի երկար ժամանակ են ծախսում, ինչը նշանակում է, որ այս պայմաններում վտանգվում է բուժօգնության որակը»։
Գրիգորյանի խոսքով՝ առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձը հատկապես ցածր է։
Էլիզաբեթ Գրիգորյանը նաև զգուշացրեց, որ եթե այս խնդիրներին պատշաճ ուշադրություն չդարձվի, համակարգը կարող է կանգնել մասնագետների արտահոսքի վտանգի առաջ։
«Ես 16 տարի դասավանդել եմ ԵՊԲՀ-ում։ Մեր լավագույն շրջանավարտները սովորում են գերմաներեն։ Գիտե՞ք ինչու՝ որպեսզի շարունակեն իրենց գործունեությունը արտասահմանում»,- ասաց նա։
Բժշկի խոսքով՝ ուրախալի է, որ հայ մասնագետները հաջողության են հասնում Եվրոպայում, սակայն պետք է գիտակցել նաև մեկ այլ իրողություն․
«Մեր համալսարանը բժիշկներ է պատրաստում Եվրոպայի և ԱՄՆ-ի համար։ Իսկ նրանց հեռանալու հիմնական պատճառը Հայաստանում ցածր աշխատավարձն է»։

