Օրեր առաջ Նուբարաշենի խճուղում մահվան ելքով դիտավորյալ վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Այս մասին հայտնում են ՔԿ–ից։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինս կալանավորվել է։
Իրավապահները պարզել են, որ ենթադրյալ սպանություն կատարողը՝ Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Ս.-ն, «Mercedes GLE»-ով եկել է Նուբարաշենի խճուղի, որտեղ տեսել է իր զոհին՝ Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Հախվերդյանին, իջել է ավտոմեքենայից ու իր մոտ եղած ատրճանակից նրան սպանելու նպատակով մի քանի կրակոցներ է արձակել։ Սակայն Գ․ Հախվերդյանը կարողացել է խույս տալ կրակոցներից ու դիմել փախուստի, իսկ Սարգիս Ս․-ն նստել է «Mercedes GLE»-ն, հետապնդել իր զոհին ու մահվան ելքով վրաերթի ենթարկել նրան ու դիմել փախուստի՝ նպատակ ունենալով Հայաստանի սահմանը հատելով անցնել Վրաստան։
Հասնելով Տավուշի մարզի Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ հատված, նա բախվել է բետոնե պատնեշին և հայտնվել Աղստև գետում, որտեղից նրան տեղափոխել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Արդեն «Դիլիջան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա փորձել է հիվանդանոցից ճողոպրել, սակայն բռնվել է։

