Ֆրանսիան ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրադադարի մասին հայտարարությունը Իսրայելի եւ Իրանի միջեւ, նշվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։
«Այս հայտարարությունը պետք է հանգեցնի ռազմական գործողությունների լիակատար դադարեցման, որի հարգման կոչ է անում Ֆրանսիան բոլոր կողմերին։ Բոլորի շահերից է բխում խուսափել բռնության նոր փուլից, որի հետեւանքները աղետալի կլինեն ամբողջ տարածաշրջանի համար։
Ֆրանսիան նորից հայտարարում է, որ միայն դիվանագիտական լուծումը կարող է երկարաժամկետ պատասխան տալ Իրանի միջուկային ծրագրի առաջ քաշած անվտանգության մարտահրավերներին։ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Այս առումով Ֆրանսիան կոչ է անում Իրանին անհապաղ սկսել բանակցություններ՝ համաձայնագրի կնքման համար, որը կլուծի նրա միջուկային եւ բալիստիկ հրթիռային ծրագրերի, ինչպես նաեւ նրա ապակայունացնող գործունեության հետ կապված բոլոր մտահոգությունները։ «Ֆրանսիան, իր գործընկերների հետ միասին, լիովին մոբիլիզացված է այս նպատակին հասնելու համար»,- նշվել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

