Հայաստանի քաղաքական դաշտում ժամանակն ի վերջո պատռում է բոլոր դիմակները, և այսօր արդեն անհնար է չնկատել այն պարզ իրողությունը, թե ինչպես է «կառուցողական ընդդիմության» քողի տակ գործող Էդմոն Մարուքյանը ծառայել բացառապես մեկ նպատակի՝ հանրային դժգոհությունն ու իրական ընդդիմադիր ձայները փոշիացնելուն՝ ի օգուտ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման։
Սա քաղաքական տեխնոլոգիաների այն դասական հնարքն է, երբ ստեղծվում է կեղծ այլընտրանք՝ հանրությանը մոլորեցնելու և իրական փոփոխություններից ուշադրություն շեղելու համար։ Դժվար է պատկերացնել, թե այսքան փորձություններից ու բացահայտումներից հետո էլ ինչպիսի՞ կոնտինգենտ կամ ընտրող պետք է լինի, որ դեռ շարունակի խաբվել Նիկոլ-Էդմոն զույգի այս էժանագին թատրոնին։ Այս խաբեությունն այլևս չի աշխատում, քանի որ գործողությունների սինխրոնությունը չափազանց ակնհայտ է։
Էդմոն Մարուքյանն իր քաղաքական դեմքն ու կապիտալը փչացրել է վաղուց։ Նրա անցած «ճանապարհը» ցույց տվեց, որ սեփական սկզբունքները կարելի է հեշտությամբ զոհաբերել հանուն քաղաքական կոնյունկտուրայի և անձնական հարմարավետության։ Ուստի բնական է, որ այսօր քաղաքական դաշտում հարգանք վայելող և ապագային միտված որևէ ուժ կամ անհատ չի ցանկանալու նրա հետ նույնիսկ փոքր ճանապարհ անցնել։ Ոչ ոք չի ուզում կիսել այն տխուր քաղաքական ճակատագիրն ու անփառունակ հեռանկարը, որին նա ինքնակամ արժանացավ՝ դառնալով գործող համակարգի գործիքը։
Քաղաքական բորոտությունը վարակիչ է, և նրանք, ովքեր դեռ փորձում են արդարացնել կամ համագործակցել նման գործիչների հետ, պետք է գիտակցեն՝ պատմության և հանրության առջև պատասխանատվությունը լինելու է հավասարապես բոլորինը։ Դիմակահանդեսն ավարտված է, դերերը՝ բացահայտված, իսկ հանրությունն այլևս թույլ չի տալու, որ իր հույսերն ու քվեները դառնան քաղաքական առևտրի առարկա։

