Այն, ինչ կատարվում է այսօր հայաստանյան քաղաքական դաշտում, արդեն վաղուց դուրս է եկել տրամաբանության սահմաններից և վերածվում է բացահայտ ծաղրի ու ֆարսի։ Դրա հերթական ու ամենացայտուն ապացույցը եղավ Էդմոն Մարուքյանի վերջին հայտնությունը քաղաքական բեմահարթակում։ Մի մարդ, ով տարիներ շարունակ հավատարմորեն նվիրված էր գործող վարչախմբին և Նիկոլ Փաշինյանի հետ հավասարապես կիսում է Արցախի հանձնման, հայրենազրկման ու մեր երկրի գլխին բերված բոլոր արհավիրքների պատասխանատվությունը, հանկարծ հայտնվել է իր երբեմնի «ոխերիմ թշնամի» Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան «5-րդ ալիքի» եթերում ու սկսել է բացահայտ, լկտի ստեր շաղ տալ։
Մարուքյանը, դեմքի լուրջ արտահայտությամբ, հանրությանը փորձում է համոզել, թե ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերից միայն ու միայն Ռոբերտ Քոչարյանին չի կարելի կապել Նիկոլ Փաշինյանի հետ։ Սա պարզապես աբսուրդ է, քաղաքական անգրագիտություն և լիակատար սուտ, որը հաշվարկված է կարճ հիշողություն ունեցողների համար։
Բայց ո՞րն է այս ամենի իրական շարժառիթն ու պատճառը։
Իրականում քաղաքական կուլիսներում ամեն ինչ շատ ավելի պարզ է և տհաճ։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ Մարուքյանը վերջին շրջանում իր կաշվից դուրս էր գալիս և ամեն ինչ անում էր Սամվել Կարապետյանի կողմից հովանավորվող «Ուժեղ Հայաստան» նախագծի մեջ տեղավորվելու և այնտեղ սեփական ապագան ապահովելու համար։ Սակայն այնտեղի ղեկավարությունն ու վերլուծաբանները շատ արագ հասկացան, որ Էդմոնն արդեն այնքան վարկաբեկված, սպառված ու փոշիացած քաղաքական դիակ է, որ նրան իրենց շարքերն ընդունելը ոչ թե օգուտ, այլ միայն ու միայն մեծ վնաս ու հեղինակության կորուստ կբերի։
Արդյունքում՝ մերժվելով բոլոր հնարավոր կողմերից և հայտնվելով լիակատար անելանելիության մեջ, Մարուքյանն անցավ իր «Բ պլանին»։ Նա պարզապես ծախվեց և սկսեց բացահայտ աշխատել Ռոբերտ Քոչարյանի թիմի համար։ Հիմա նրա գլխավոր առաջադրանքն է՝ եթերներից սրբագրել Քոչարյանի կերպարը և անխնա ցեխ շպրտել քաղաքական դաշտում գործող մնացած բոլոր իրական, սկզբունքային ընդդիմադիր ուժերի վրա՝ փորձելով պառակտել հակաիշխանական ընտրազանգվածը։
Ստեղծված պատկերը լավագույնս ապացուցում է մեկ կարևոր փաստ՝ թե որքան անհուսալի, թույլ և անելանելի է այսօր պարտված Ռոբերտ Քոչարյանի վիճակը։ Երբ քո քաղաքական կշիռն ու վարկանիշն երկրում այնքան է զրոյացել, երբ դաշնակիցներդ քեզ լքել են, և դու ստիպված քո վերջին հույսը դնում ես Նիկոլի նախկին հատուկ հանձնարարություններով դեսպանի, Արցախը ուրացողների կամակատար Էդմոնի վրա, նշանակում է՝ քո քաղաքական վախճանն ու կրախը արդեն պաշտոնապես ձևակերպված է։ Ոչ մի թունավոր լեզու և ոչ մի վարկաբեկված բանագնաց այլևս չի կարող փրկել ձեր տապալված քաղաքական նավը։

