Գյումրիի քաղաքապետը հրաժարական է տվել

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել, տեղեկությունը հաստատել է քաղաքապետի մամուլի խոսնակը։

Խոսնակը հայտնեց, որ կլինի հայտարարություն, իսկ աշխատակազմից հայտնեցին, որ այս պահին հրաժարականի դիմում աշխատակազմում դեռ չի ստացվել։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում։ Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել էին ՀՀ Քննչական կոմիտեից։

Նախաքննական մարմնի վարկածով` Սամվել Բալասանյանը և նրան փոխկապակցված անձինք օրենքի խախտմամբ սեփականաշնորհել են «Սև բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը: ՔԿ-ում քննվող կոռուպցիոն գործի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Նրան մեղադրանք է ներկայացվել, դատարանը մերժել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ կիրառելով համակցված խափանման միջոց` գրավ և տնային կալանք։ Գործով ձերբակալվածների թվում են եղել նաև Գյումրիի ներկայիս քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը և Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ փողքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Սանոսյանը։ Քրեական վարույթի շրջանակներում այս պահին հինգ մեղադրյալ կա։

Օրերս էլ որոշում է կայացվել Բալասանյանին ձերբակալելու մասին։ Սամվել Բալասանյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խոշոր չափի փողերի լվացման հատկանիշներով։«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջինս արտերկրում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով