​Դադարեցրե՛ք համալսարանի անունը ներքաշել արհեստական սկանդալների մեջ

Այսօր մի քարոզչական հարթակ և քաղաքական շահերով առաջնորդվող շրջանակ փորձեց իմ համալսարանի անունը ներքաշել արհեստական սկանդալի դաշտ՝ տարածելով կեղծ և իրականությունից ամբողջությամբ կտրված հայտարարություններ, որոնք ոչ միայն որևէ աղերս չունեն փաստերի հետ, այլ նաև ակնհայտորեն ծառայում են հասարակական կարծիքի մանիպուլյացիայի և ուշադրության շեղման նպատակին։

Որպես European University of Armenia / Հայաստանի Եվրոպական համալսարան — ՀԵՀ ուսանող՝ ընդգծում եմ, որ մեր կրթական հաստատությունում թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները ամբողջությամբ կենտրոնացած են կրթական գործընթացի, գիտելիքի ձեռքբերման և մասնագիտական զարգացման վրա, և ցանկացած փորձ ներկայացնելու համալսարանը որպես քաղաքական ազդեցության կամ քարոզչական կենտրոն ոչ այլ ինչ է, քան իրականության միտումնավոր աղավաղում, որի նպատակը պարզ է՝ շարունակաբար վարկաբեկել այն միջավայրերը, որտեղ դեռ պահպանված է ազատ մտածողության, քննադատական և վերլուծական դիրքորոշումը: Համալսարանները չեն կարող և չպետք է վերածվեն քաղաքական պայքարի գործիքի, և այն ուժերը, որոնք այսօր փորձում են կրթական միջավայրը ներքաշել քաղաքական շահարկումների ու արհեստական սկանդալների դաշտ՝ սեփական քաղաքական ձախողումները քողարկելու նպատակով, իրականում վնասում են ոչ թե առանձին բուհի հեղինակությանը, այլ ավելին՝ ամբողջ երիտասարդության վստահությանը կրթական համակարգի, գիտելիքի վրա հիմնված մտածողության և ազատ ակադեմիական միջավայրի ձևավորման նկատմամբ։

 

Հ.Գ. Որպես երիտասարդ, որպես ուսանող և ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող անձ՝ պարզապես չէի կարող անարձագանք թողնել այս իրողությանը, որովհետև այն անմիջականորեն վերաբերում է միջավայրի, որտեղ ձևավորվում են հասարակական կարծիքը, մշակույթը և երիտասարդության ներգրավվածությունը հանրային կյանքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով