Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը դարձավ այն առանցքային գործիքներից մեկը, որը թույլ տվեց կայունացնել Հայաստանի Հանրապետության արտաքին միջավայրը։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, ԱԺ–ում կառավարության առաջիկա 5–ամյակի ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Կառավարությունը ոչ միայն շարունակելու է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը, այլև այն որդեգրում է որպես արտաքին քաղաքական ռազմավարություն, որի առանցքային խնդիրը արտաքին հարաբերությունների մեջ անհամաչափություններ թույլ չտալն է կամ անհամաչափությունները հավասարակշռելու գործիք ունենալը։
Այս արտաքին քաղաքականության մեջ առանցքային դեր ունի տարածաշրջանացումը, որի նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին օգնության ապրելը Հայաստանի համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է։ Այս իմաստով հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ ունեն կարևոր նշանակություն։
Միացյալ Նահանգների հետ արդեն արտատարածաշրջանային քաղաքականության մասով մեր հարաբերությունները գտնվում են վերընթաց վիճակում։ Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության հուշագիրը ընդամենը 2025 թվականի հունվարին է ստորագրվել, և տեսեք, թե այս ընթացքում ինչ զարգացումներ են տեղի ունեցել։ Ես հիշում եմ, որ նախորդ տարվա սեպտեմբերին, ուղիղ մի տարի առաջ, այս դահլիճում ստիպված էի չակերտավոր արդարանալ, որ օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին ընդամենը մտադրությունների հուշագիր եմ ստորագրել, որն այդ թվում այս պահին դահլիճում ներկա որոշ ընդդիմադիր պատգամավորների այն ժամանակվա պնդման ոչինչ չասող և չնշանակող թուղթ էր։
Այդ չակերտավոր ոչինչ չասող չասող թղթի ստորագրումից մեկ տարի անց Հայաստանում երեք սուպեր համակարգչային կենտրոն է բացվել, որոնցից մեկը Երևանի պետական համալսարանում, մյուս երկուսը արհեստական բանականության գործարաններ են, և այս ոլորտում Հայաստան-ԱՄՆ մասնավոր ներդրողներ համագործակցության պլաններն այնպիսին են, որ մենք թերևս ստիպված կլինենք կրկին անդրադառնալ մեր էներգետիկ ռազմավարությանը, որովհետև արհեստական բանականության ոլորտի ներդրումային նախանշվող ծրագրերը, էներգետիկայի պահանջարկը մեծացնելու են ահռելի տեմպերով։
ԱՄՆ–ի հետ մեր հարաբերությունները հիմա արդեն հիմնված են համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության վրա, որը բոլորովին վերջերս է ստորագրվել, և սա մեր երկրների հարաբերությունների բարձրակետն է։ Վերջին տարիներին մենք ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Նիդերլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի հետ։
Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները գնալով դառնում են ավելի բազմաչափ ու բազմաշերտ, և մենք արդեն համագործակցում ենք այնպիսի ոլորտներում, որ նախկինում երբեք չենք գործակցել։ Եվրոպական Միության հետ մեր գործընկերության ռազմավարական օրակարգը իրացվում է տեսանելի տեմպերով։ Նախորդ տարի ԱԺ կողմից ընդունված ԵՄ–ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը նոր թափ տվեց այս գործընթացին։ 2026 թվականի մայիսին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթաժողովը, ապա և Հայաստան– ԵՄ առաջին գագաթնաժողովը։
Հայաստանը այսօր միակ երկիրն է, որի հետ Եվրոպական Միությունը վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում և մենք մտադիր ենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»։
Փաշինյանի խոսքով, ԵՄ–ի հետ հարաբերությունների մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել Ռուսաստանի Դաշնությունում. «Իմ կարծիքով Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացումը իրականում առիթ է տվել դրան և դրա խորքային պատճառը չէ։ Իսկ Ռուսաստանում առաջացած մտահոգությունների հիմնարար պատճառը այն տրանսֆորմացիան է, որ սկսվել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Ընդ որում, այդ տրանսֆորմացիան ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ մեջ հաշվով բնական գործընթաց։
Մի բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունը հակամարտության պայմաններում և բոլորովին այլ բան այն պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածություն ընդհանրապես չկա և հեռանկարը դրական է։
Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատմական հանգամանքների բերումով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ընկալումը հիմնականում եղել է ռազմական անվտանգային։ Արդեն երկու դար հայ-ռուսական հարաբերությունները կառուցվել են այն հենքի վրա և ըմբռնման, որ Ռուսաստանը հայ ժողովրդի, ապա և Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Ես չեմ կասկածել այս գործառույթը կատարելու Ռուսաստանի նվիրվածությանը, բայց 2021, 2022, 2023 թվականների իրադարձությունները ցույց տվեցին, որ անվտանգային սեփական խնդիրներ ունենալու բերումով Ռուսաստանի Դաշնությունը երբեմն կարող է էական սահմանափակումներ ունենալ այդ դերը կատարելու համար»,– հայտարարեց Փաշինյանը։

