Թե հանրային քրեական հետապնդման, թե ձերբակալման մասին որոշում ինձ չի տրամադրվել, հետևաբար չեմ կարող մեկնաբանել, բայց ժամը 9-ից այստեղ եմ և չեմ կարողանում մուտք գործել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10–ին, ՔԿ Երեւանի վարչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Աբգար Պողոսյանը։
«Ընդ որում ի սկզբանե ահազանգել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, շուրջ 30 րոպե ՄԻՊ–ի աշխատակիցները գտնվում են քննչական մարմնի շենքում։ Մինչ շենք մուտք գործելը ինձ նշեցին, որ այստեղ ժամանել են այդ հարցերը պարզաբանելու և կարգավորելու նպատակով, սակայն փաստացի, անգամ ՄԻՊ–ի աշխատակիցների միջամտությունից հետո չի ստացվում ներս մտնել։
Ընդ որում, երբ այստեղ կանգնած էինք, մենք ականատես եղանք, որ Երևան քաղաքի քննչական բոլոր բաժիններից քննչական ռեսուրսը մոբիլիզացվում է Երևան քաղաքի վարչությունում, տարբեր բաժինների քննիչներ ժամանում էին թղթապանակներով և մուտք էին գործում քննչական վարչության շենք։ Սա նշանակում է, որ խումբ է ստեղծվել, երևի բոլոր բաժիններից մի քանիսը ընտրվել են, որպեսզի աջակցեն, օգնեն այս գործին։
Ես ենթադրում եմ, որ Տարոն Մանուկյանը ձերբակալվել է կալանքի տանելու ռեժիմով։ Անգամ առանց վարույթի նյութերը տեսնելու, վստահաբար ասում եմ, որ այն պրոցեսները, որոնք կատարվում են, դրանք իրավագիտության հետ որևէ կապ չունեն, և դրանց իրավական մեկնաբանում տալը և իրավական ակնկալիք ունենալը մեր կողմից ողջամիտ չէ։ Այն ինչը որ հանրությանը մատուցվում է, դա իրական կյանքում հողի վրա կատարվող գործողությունների հետ որևէ կապ վստահաբար չունի»,–ասաց փաստաբանը։
Նա նկատեց, որ թեեւ ահաբեկչության նախապատրաստման հետ կապված է հանրային քրեական հետապնդումը, սակայն Տարոն Մանուկյանի բնակարանից առգրավել են վերջինիս հորը՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանին պատկանող բջջային հեռախոսը. «Լավ, վերջը հիմա ու՞մ նկատմամբ է այդ քրեական հետապնդումը կատարվում, ընդդիմադիր ուժի, թե՞ անձի, ում անունը նշված է խուզարկության որոշման մեջ։
Այդ բառերը այդպես ճոխ հնչում են, բայց ծիծաղելի է այդ ամեն ինչը, դա ուղղակի սպիտակ թղթի վրա գրված ինչ-որ տեքստ է, որը իրականության հետ կապ չունի։ Տեսեք, մենք այստեղ փաստացի տեսնում ենք, որ Գևորգ Մուրադյանը ազատազրկված չի, ունի վկայի կարգավիճակ, բայց միևնույն է, իր ազատության իրավունքը սահմանափակվում է»,–ասաց Արգամ Պողոսյանը։
Անդրադառնալով նրան, որ մինչ այս պահը իրենց թույլ չեն տալիս ներս մտնել, նա ասաց. «Դրանով ուզում են ցույց տալ, թե այդ անձիք ինչքան անպաշտպան են, թե հարկ եղած դեպքում ինչքան կարող են իրենց իրավունքները ոտնատակ անել։ Սա ընդամենը քայլ է, այդ անձանց ցույց տալու, թե ինչ նեղ իրավիճակում են գտնվում իրենք, և թե ինչքան կարող է անվերջ անձի իրավունքները խախտել»։
Փաստաբանը նաև նշեց. «Փաստացի պետությունը, օգտագործելով իրավապահ ողջ համակարգը, փորձում է անձանց, ԱԺ պատգամավորներին և այլ անձանց հետ պահի իրենց իրավունքների իրացումից»։
հարցին՝ այս գործը դուք կապում եք Բագրատ Գալստանյանի գործի հե՞տ, նա պատասխանեց. «Ես առհասարակ, բոլոր գործերը իրար եմ կապում։ Բոլոր գործերը, որոնք ուղղված են անձանց քաղաքական ճնշման ենթարկելու, ես միանշանակ կապում եմ իրար, սրանք չի կարելի առանձին-առանձին դիտել, այլ բան է, թե ում հետ կապված ինչ կնկարեն»։

