ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում դատապարտյալներին ծեծի ենթարկելու լուրի վերաբերյալ։Պարզաբանման մեջ ասվում է. «Օգոստոսի 25-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, խցերից մեկում խուզարկություն իրականացնելիս, դատապարտյալներից մեկի մոտ նկատել են կասկածելի փաթեթ:Խուզարկությունը խոչընդոտելու նպատակով խցում պահվող դատապարտյալները ֆիզիկական դիմադրություն են ցուցաբերել։ Դատապարտյալներից մեկը հարվածել է ծառայողներից մեկի դեմքին և կասկածելի փաթեթը գցել սանհանգույցի կոյուղատարի մեջ։Դատապարտյալների անհնազանդության, դիմադրության և ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու պայմաններում օրենքով սահմանված կարգով նրանց նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ։Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել։ Դատապարտյալներից մեկը ոտքի շրջանում ցավեր է ունեցել, հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, նրա մոտ արձանագրվել է սալջարդ, նույն օրը վերջինս վերադարձվել է ՔԿՀ։ Խցում գտնվող այլ ազատազրկված անձանց մոտ որևէ տեսակի մարմնական վնասվածք առկա չի եղել։Իրականացված խուզարկության արդյունքում խցի տարբեր հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող, մոտ 32 մլգ հեղուկ զանգվածներով սրվակներ, 5 բջջային հեռախոս, 9 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 3 լիցքավորման սարք, ինչպես նաև դեղահաբեր, այդ թվում՝ անհայտ ծագման։Դեպքի, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի նկատմամբ իրականացված բռնության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
2026-08-27

