Ոմն Մհեր Ավետիսյանի գրառման խնդիրը Հայաստանի պատմությունը սեփական չկայացած կենսագրությանը հարմարեցնելու փորձն է․Դանիելյան

Ոմն Մհեր Ավետիսյանի գրառման հիմնական խնդիրը ոչ թե նրա ռուսամետ կամ հակաարևմտյան ձևանալն է, այլ Հայաստանի նորագույն պատմությունը սեփական քաղաքական «գոյություն չունեցող» կենսագրությանը հարմար վերաշարադրելու փորձը։
Սկսենք փաստերից։
Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Հայաստանը ոչ թե «գնաց Արևմուտք», այլ վարեց բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ պահպանելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը և միաժամանակ աշխատելով ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի և մյուս ուժային կենտրոնների հետ։
Հենց Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանը որոշեց անդամակցել Մաքսային միությանը, հետագայում դարձավ ԵԱՏՄ անդամ, շարունակեց մնալ ՀԱՊԿ-ում, պահպանվեց ռուսական ռազմաբազայի ներկայությունը։ Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում Հայաստանը ձեռք բերեց «Իսկանդեր» և Ս-300 համակարգեր, կնքվեցին արտոնյալ պայմաններով սպառազինության ձեռքբերման հարյուրավոր միլիոնավոր դոլարների համաձայնագրեր, նաև Հայաստանը ՌԴ-ից ստացավ 50.000 տոննա ռազմական օժանդակություն, նաև գազի գնի շուրջ ձեռք բերվեցին Հայաստանի համար հատուկ պայմանավորվածություններ՝ գազի հատուկ գնի վերաբերյալ և այլն։
Այսինքն՝ վերջին տասնամյակների հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների առանցքային որոշումների զգալի մասը կայացվել է հենց Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։
Արդյունքը չափելի էր նաև հասարակական վերաբերմունքով․ 2018-ին հրապարակված IRI-ի հարցմամբ Հայաստանի քաղաքացիների 87%-ը հայ-ռուսական հարաբերությունները գնահատում էր լավ։ Իսկ հիմա՞։
Հիմա մի պարզ հարց քեզ, Մհե՛ր։
Դու ի՞նչ ես արել հայ-ռուսական հարաբերությունների համար։
Ի՞նչ պետական համաձայնագիր ես բանակցել, ի՞նչ ռազմավարական ծրագիր ես իրականացրել, ի՞նչ հայկական պետական շահ ես պաշտպանել Մոսկվայում։
Facebook-ում Ռուսաստանի դրոշ դնելը, ռուս պաշտոնյաների անուններ շրջանառելը և մեծ բյուջեով սեփական գրառումները գովազդելը հայ-ռուսական հարաբերությունների զարգացում չէ։
Սերժ Սարգսյանը հայ-ռուսական հարաբերությունների մասին ստատուս չէր գրում․ նա դրանք կառուցում էր պետական մակարդակով՝ ի օգուտ Հայաստանի Հանրապետության։
Եվ հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա ողբերգական խնդիրներից մեկն էլ հենց այն է, որ այս կարևորագույն ուղղության շուրջ չափազանց մեծ տեղ են զբաղեցրել պետական կառավարման փորձ, իրական քաղաքական կշիռ և հասարակական վստահության պաշար չունեցող մարդիկ, որոնք, սակայն, իրենց իրավունք են վերապահում խոսել ամբողջ Հայաստանի անունից՝ մասնավորապես նկատի ունենալով հենց քեզ ու քո նման մի քանիսին։
Ռուսաստանին նման միջնորդներ պետք չեն։ Հայաստանին՝ առավել ևս։
Հայ-ռուսական հարաբերությունները պետք է կառուցվեն պետությունների, ինստիտուտների և քաղաքական պատասխանատվություն կրող մարդկանց միջև, ոչ թե Facebook-յան PR-ի միջոցով։
Իսկ հիմա՝ 2018 թվականի մասին։
Այսօր շատ հարմար է Սերժ Սարգսյանին Ռուսաստանի մասով մեղադրանքներ հնչեցնել։ Բայց նախ պատասխանեք՝ որտե՞ղ էիք դուք՝ «ռուսամետներդ», 2018-ին, երբ Սերժ Սարգսյանին «մերժում» էին։ Այո՛, փողոցում, հետագայում էլ՝ Նիկոլի հետ կառավարությունում։
Նրանք, ովքեր մասնակցել կամ աջակցել են այդ քաղաքական մթնոլորտի ձևավորմանը, այսօր չեն կարող ձևացնել, թե հետագա գործընթացների հետ որևէ առնչություն չունեն։
Պատմությունը հետին թվով վերաշարադրել չի ստացվելու։
Եվ ամենակարևորը՝ Արցախը։
2018-ին Սերժ Սարգսյանի իշխանությունից հետո մնաց հայկական Արցախ՝ հայ բնակչությամբ, մարտունակ զինված ուժերով, մարտական դիրքերում կանգնած հայկական բանակով և միջազգային բանակցությունների սեղանին գտնվող ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարգավիճակի հարցով, երբ Ալիևն ասում էր, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
Հետևաբար Արցախի կորստի պատասխանատվությունը հետին թվով Սերժ Սարգսյանին վերագրելը ժամանակագրության գիտակցված խեղաթյուրում և քաղաքական անբարոյականություն է։
Սերժ Սարգսյանի քաղաքական արդյունքը Հայաստանի անվտանգ սահմաններն էին, հայկական ազատ, անկախ Արցախն էր, տարածաշրջանում գործոն հանդիսացող բանակն էր, Ռուսաստանի հետ իրական ռազմավարական դաշինքն էր և միաժամանակ ինքնուրույն, ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու կարողությունը։
Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը՝ սեփական պետական շահերով, և միաժամանակ կարողանա աշխատել Իրանի, Չինաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի ու մյուս կենտրոնների հետ այնքանով, որքանով դա բխում է Հայաստանի շահերից։
Դա է ինքնիշխան պետության քաղաքականությունը։
Սերժ Սարգսյանի արածը պատմությունն արձանագրել է։ Իսկ դու և քո քաղաքական հովանավորները ի՞նչ եք թողել հայ-ռուսական հարաբերություններում՝ Facebook-յան աղմուկից ու սեփական ձախողված PR-ից բացի։
Հայ-ռուսական հարաբերությունները չափազանց կարևոր են, որպեսզի դրանք վերածվեն անձնական ինքնագովազդի հարթակի։
Հ.Գ. Եվ ամենակարևոր տարբերությունը սա է․ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է՝ լինելով առաջին հերթին Հայաստանի պետական շահի ներկայացուցիչ։
Իսկ ձերը աշխատավարձից աշխատավարձ «ռուսամետ» աշխատելն է։ Դա բոլորովին այլ մասնագիտություն է։
Դաշնակցությունը քաղաքական դիրքորոշում և պետական պատասխանատվություն է։ Վարձու ռուսամետությունը՝ ընդամենը աշխատանք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով