Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ներառվել է «Ռոսֆինմոնիտորինգի» ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում։ 6894 համարի ներքո համապատասխան գրանցումը հայտնվել է «Ֆիզիկական անձինք» բաժնում, հայտնում է ՌԲԿ-ն։ «Ռոսֆինմոնիտորինգի» ցուցակում ընդգրկվելը ենթադրում է մի շարք սահմանափակումներ․ բանկերը պարտավոր են սառեցնել դրամական միջոցներն ու այլ գույքը, իսկ ֆինանսական գործարքների մեծ մասի իրականացումն անհնար է դառնում։
Հուլիսի 29-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնել էր, որ Դուրովին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործունեությանը աջակցելու համար։ Գերատեսչության վարկածով՝ Telegram-ի ադմինիստրացիան չի հեռացրել այն ալիքները, չատերն ու բոտերը, որոնք ուկրաինական հատուկ ծառայություններն օգտագործել են Ռուսաստանում ահաբեկչություններ նախապատրաստելու համար։ Մասնավորապես, քրեական գործը կապված է «Дайвинчик/Leo» ծանոթությունների չատ-բոտի օգտագործման հետ, որի միջոցով երիտասարդ ռուսաստանցիներին ներգրավել են դիվերսիոն-ահաբեկչական գործունեության մեջ։
ԱԴԾ տվյալներով՝ 2025 թվականի հուլիսից ի վեր ձերբակալվել է «Дайвинчик»-ի միջոցով հավաքագրված 46 երիտասարդ։ Քննությունը պնդում է, որ ուկրաինական հատուկ ծառայությունների առաջադրանքով նրանք հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա և հրդեհումներ իրականացրել։ Գերատեսչությունը հայտնել է նաև Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու ընթացակարգ սկսելու մասին։
Երեկ Պետական դումայի ինֆորմացիոն քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Սվինցովը ռուսաստանցիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հրաժարվել Telegram-ում ցանկացած ֆինանսական գործարքից՝ մինչև «Ռոսկոմնադզորի» և ԱԴԾ-ի պաշտոնական պարզաբանումների հայտնվելը։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է վճարովի բաժանորդագրություններին, TON կրիպտոարժույթի գնմանը և մեսենջերի ներսում այլ վճարումներին։ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կոլեսնիկը չի բացառել, որ Telegram-ը կարող է որպես ահաբեկչական ռեսուրս ճանաչվել։

