Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ բավական սուր և նույնիսկ ստորացուցիչ հայտարարությամբ ընդդիմության հասցեին։ Ըստ նրա՝ խորհրդարանում իրական ընդդիմություն գոյություն չունի, և առկա են միայն որոշ անհատներ, որոնք զբաղված են իրենց քաղաքական ապագան ապահովելու փորձերով՝ տարբեր ուժերի ներսում տեղ գտնելու նպատակով։
Այս հայտարարությունն, անկասկած, կարելի է համարել վիրավորական ընդդիմադիր դաշտի համար։ Սակայն էմոցիոնալ արձագանքներից զատ, այստեղ հարկավոր է ուշադրություն դարձնել խոսքերի խորքային ենթատեքստին։ Սիմոնյանի հայտարարությունն ուղղված է նախ և առաջ խորհրդարանական ընդդիմության հիմնական դերակատարներից մեկին՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» խմբակցությանը։ Եվ հենց այդ թիմն էլ առաջինը պետք է հետևություններ անի՝ ոչ միայն որպես գլխավոր ընդդիմադիր ուժ, այլև՝ որովհետև հենց իրենք են, որ իրենց վարքագծով հնարավորություն են տվել նման հայտարարություններ հնչեցնելու։
Քոչարյանի թիմի որոշ անդամներ կարծես թե դեռևս համոզված են, թե սուր ելույթներով, կոշտ հարցերով կամ երբեմն հնչող բոցաշունչ հայտարարություններով կարելի է ձևավորել իրական ընդդիմություն։ Սակայն գործող իշխանությունը, ինչպես տեսնում ենք Ալեն Սիմոնյանի խոսքերից, այդ ամենին լուրջ չի վերաբերվում։ Ավելին՝ նրանց քննադատում է ոչ թե կոշտության, այլ անորոշության և քաղաքական անգործության համար։
Նույն համատեքստում հետաքրքրական է Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, որն արվել է լրագրողների հետ զրույցում։ Նշելով Նեպալի և Ֆրանսիայի օրինակը՝ ՀՀ երրորդ նախագահը փորձում է վերահաստատել իր դիրքորոշումը՝ հստակ առաջարկելով խուսափել առճակատումից և գնալ քաղաքական փոփոխությունների քաղաքակիրթ ուղիով։ Սարգսյանը իմպիչմենտի օրակարգը վերաշեշտելով՝ փաստորեն ուղերձ է հղում ընդդիմությանը՝ չսպասել «հեղափոխության» 2026-ին, ինչպես երազում է գործող վարչակարգը, այլ գործել այսօր՝ սահմանադրական մեխանիզմների շրջանակում։
Սիմոնյանի հայտարարությունը հենց այս համատեքստում պետք է ընկալել որպես սթափեցնող ազդակ։ Եթե ընդդիմադիրները՝ հատկապես Քոչարյանի թիմը, դեռ ձգտում են հանրային աջակցություն ունենալ, եթե իրապես մտադիր են լինել փոփոխության շարժիչ ուժը, ապա ժամանակն է դուրս գալ միայն խոսակցական հարթությունից և անցնել իրական քաղաքական գործի։
Սերժ Սարգսյանի ուղերձը՝ որպես քաղաքական փորձառությամբ հարուստ պետական գործչի դիրքորոշում, պետք է ընկալվի ոչ թե անձնական հակակրանքների կամ մրցակցության պրիզմայով, այլ պետական մտածողության մակարդակով։ Քաղաքական հասունությունը կայանում է նաև նրանում, երբ հակառակ բևեռից հնչող ողջամիտ առաջարկն ընդունվում է հանուն պետականության շահերի։
Ցավոք, այսօր էլ քաղաքական որոշ շրջանակներում գերակշռում է անձնական ամբիցիան՝ խոչընդոտելով ընդդիմադիր միասնական օրակարգի ձևավորմանը։ Մինչդեռ անհրաժեշտ է գործել միասին՝ վկայելով, որ «ալեններին» ճիշտ հակառակն են՝ ոչ թե «չուչելներ», այլ կենսունակ քաղաքական ուժեր։
Կարծիքի լրագրող Անի Տերտերյան

