Ազգային ժողովի նիստերի դահլիճում հայտնված տղամարդը, որը քաշքշոցի ժամանակ ներս էր վազել, պարզվում է՝ Ռուբեն Ռուբինյանի խորհրդական Արման Բարխուդարյանն է։
Հիշեցնենք, որ երբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը իր եզրափակիչ ելույթից հետոփորձեց դուրս գալ ԱԺ դահլիճից, մինչև կալանավորումն իր ընտանիքի հետ անցկացնելու համար, ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի փոխանցմամբ, վազեց Արթուր Սարգսյանի հետևից՝ փորձելով մեջքից հարձակվել նրա վրա։
Ղալումյանի հետևից վազեցին նաև այլ պատգամավորներ։ Այդ պահին ԱԺ դահլիճ մուտք գործեցին մեծ թվով անվտանգության աշխատակիցներ։ Իրավիճակը լարվեց։
Խառնաշոթ իրավիճակում պատգամավորները դահլիճում նկատեցին մի տղամարդու, որն ԱԺ պատգամավոր չէ։ «Ո՞վ է սա։ Անհայտ մարդ։ Ո՞վ ես դու, որ պատգամավորի հետ այդպես ես խոսում»,-հարցնում էին ընդդիմադիր պատգամավորները։
Այդ ընթացքում տղամարդը դուրս վազեց ԱԺ դահլիճից։
Նշենք, որ անհայտ տղամարդը ՔՊ-ական Արման Բարխուդարյանն էր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարը։ Մամուլի ուշադրության կենտրոնում նա հայտնվել է ԱԱԾ կողմից բերման ենթարկվելու ժամանակ։ «Ժողովուրդը» գրել է, որ Բարխուդարյանը ՔՊ–ի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային կառույցի խորհրդի անդամ է։
Ա. Բարխուդարյանը շատ ակտիվ իր ֆեյսբուքյան էջում կիսվում է Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու, հոգևորականների հասցեին հնչեցրած վիրավորանք, սպառնալիք, հայհոյանք պարունակող գրառումներով։

