Կալգարիում հազարավոր մարդիկ հերթ են կանգնել անվճար սննդի համար՝ գների աճի պատճառով. CTV

Կանադայի Ալբերտա նահանգի Կալգարի քաղաքի հազարավոր բնակիչները հերթ են կանգնել անվճար սնունդ ստանալու համար, հաղորդում է CTV-ն։

Բարեգործական ակցիան կազմակերպել էր տեղի հասարակական կազմակերպություններից մեկը, որն անվճար մթերք էր բաժանում կարիքավորներին, այդ թվում՝ կարտոֆիլ, լոլիկ և կանաչի։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ հերթը ձգվել էր մի քանի թաղամաս, իսկ մարդիկ ստիպված են եղել սպասել մեկ ժամից ավելի։ Շատերը եկել էին պայուսակներով, ուսապարկերով ու սայլակներով։

CTV-ն նշում է, որ նման մեծ հոսքը պայմանավորված է սննդամթերքի թանկացմամբ, ինչի պատճառով շատերը ստիպված են օգտվել նմանօրինակ օգնությունից։ Միևնույն ժամանակ, հեռուստաալիքը հավելում է, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ երկրում մթերքի գներն անցած տարվա ընթացքում միջինը աճել են 4,4%-ով։ Սակայն հերթում կանգնած մարդիկ պնդել են, որ «սննդի գները կրկնապատկվել են»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով