Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալների ասոցիացիան կարծում է, որ ԱՄՆ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը («շաթդաունը») կարող է վտանգել երկրի ազգային անվտանգությունը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը, որի տրամադրության տակ է հայտնվել ասոցիացիայի հայտարարությունը։
Դրանից հետևում է, որ «շաթդաունը կարող է խաթարել ՀԴԲ-ի պարտականությունները կատարելու կարողությունը այն ժամանակ, երբ երկիրը ազգային անվտանգության ոլորտում աննախադեպ սպառնալիքների է բախվում»։ Ասոցիացիայում համոզված են, որ «շաթդաունը» կարող է բացասաբար անդրադառնալ «ՀԴԲ-ի կողմից իրականացվող քննությունների, դատաբժշկական փորձաքննությունների, իրավապահ մարմինների հետ համագործակցության» վրա ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակում։
ԱՄՆ դաշնային կառավարությունը մասնակիորեն դադարեցրել է իր աշխատանքը հոկտեմբերի 1-ի կեսգիշերին՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Դա տեղի է ունեցել այն բանով պայմանավորված, որ Կոնգրեսում իշխող Հանրապետական և ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողանում համաձայնության գալ ծախսերի մի շարք հոդվածների շուրջ, այդ թվում՝ առողջապահության ոլորտում։ Նրանք միմյանց մեղադրում են «շաթդաուն» հրահրելու և այն քաղաքական նպատակներով ձգձգելու մեջ։
Համաձայն ԱՄՆ օրենսդրության, այն նախարարություններն ու գերատեսչությունները, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության և արտաքին քաղաքական գործունեության ապահովման համար, շարունակում են աշխատանքը դաշնային կառավարության ֆինանսավորման դադարեցման դեպքում։ Նույն պահանջներն են ներկայացվում նաև այն պետական ծառայողներին, որոնց գործունեությունն ուղղված է «կյանքի և սեփականության պաշտպանությանը»։ Այն պետական հիմնարկների աշխատակիցները, ովքեր ստիպված են աշխատանքի դուրս գալ նման պայմաններում, չեն ստանում աշխատավարձ, սակայն այն սովորաբար վճարվում է նրանց այն բանից հետո, երբ կարգավորվում է միջոցների մուտքի հարցը։
1977 թվականից ի վեր դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորումը դադարեցվել է ավելի քան 20 անգամ՝ վարչակազմի և Կոնգրեսի միջև եղած տարաձայնությունների պատճառով։ Ամենաերկար տևողությունը եղել է 35 օր՝ 2018 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2019 թվականի հունվարի 25-ը, ներկայիս ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում։

