Ճապոնիայում ռեկորդային քանակով ձյուն է տեղացել՝ կաթվածահար անելով երթևեկությունը

Ճապոնիայի հյուսիսային գլխավոր Հոկայդո կղզում ռեկորդային քանակի ձյուն է տեղացել, ինչը խաթարել է տրանսպորտի տեղաշարժը, ստիպելով փակել օդանավակայանները և հետաձգել բեռների առաքումը, հայտնում է Associated Press-ը։

Հոկայդոյի պրեֆեկտուրային կառավարությունից հայտնել են, որ ձյան ռեկորդային տեղումներ են գրանցվել հատկապես կղզու արևելյան հատվածներում, ներառյալ Օբիհիրոյում և Կուշիրոյում, որտեղ քաղաքի գրասենյակները տասնյակ օգնության կանչեր են ստացել ձյան մեջ խրված ավտոմեքենաների վարորդներից:

Ձյան առատ տեղումները և երթևեկության խափանումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Հոկայդոյի հարավի Սապորո քաղաքում սկսվել է հայտնի ձյան փառատոնը, թեև քաղաքում երթևեկության մեծ խափանումներ չեն եղել: Հեռուստատեսության կադրերում երևում է, թե ինչպես են բնակիչները մաքրում ձյունը, իսկ ուղևորները դուրս են հրում ձյան մեջ խրված ավտոմեքենաները: Զոհերի կամ մեծ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Օբիհիրոն երեքշաբթի ավելի վաղ ռեկորդային՝ 129 սանտիմետր ձյուն էր տեղացել:

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ երկու հզոր ցածր ճնշման համակարգեր են շարժվում ճապոնական արշիպելագի երկու կողմերում՝ սառը օդ ուղարկելով տարածաշրջան: Գործակալությունը կանխատեսել է առաջիկա 24 ժամվա ընթացքում մինչև չորեքշաբթի երեկո մոտ 100 սանտիմետր ձյուն Ճապոնիայի հյուսիս-արևմուտքում և ևս 50 սանտիմետր՝ Հոկայդոյում:

Պրեֆեկտուրայից հայտնել են, որ որոշ մայրուղիներ և հիմնական ճանապարհներ փակվել են, իսկ տուժած շրջաններում երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է:

Ըստ պրեֆեկտուրայի՝ երեքշաբթի Հոկայդոյում շուրջ 370 դպրոցներ չեղյալ են հայտարարել դասերը: Ձյան տեղումները փակել են նաև փոստային բաժանմունքները և առաքման մյուս ծառայությունները՝ հետաձգելով առաքումները Հոկայդոյում և Ճապոնիայի տարբեր ուղղություններով:

Հոկայդոյի իշխանությունները բնակիչներին և հյուրերին կոչ են արել իրենց հետ բահեր և տաք հագուստ բերել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով