Մեծ Բրիտանիայի վարչապետը երկուշաբթի երեկոյան զրուցել է Թրամփի հետ. Reuters

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երկուշաբթի երեկոյան զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սթարմերի մամուլի քարտուղարին։

Սա վերջինն է երկու երկրների ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցների շարքից։

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այն հարցը, թե արդյոք Թրամփը Սթարմերին հայտնել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու իր ծրագրերի մասին:

«Վարչապետը և նախագահ Թրամփը հավատարիմ են նույն արդյունքին՝ ապահով և կայուն խաղաղության հաստատում Ուկրաինայում»,- ասել է նա։

Այսօր հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է դադարեցնել Ուկրաինային ռազմական օգնությունը։

«Նախագահը հստակ հասկացրել է, որ հավատարիմ է խաղաղությանը։ Մեզ պետք է, որ մեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այս նպատակին: Մենք դադարեցնում և վերանայում ենք մեր օգնությունը՝ համոզվելու համար, որ այն նպաստում է լուծմանը», -ըստ Ֆրանսպրես գործակալության՝ ասված է հայտարարության մեջ։

Bloomberg-ը և Fox News-ը հայտնում են, որ դադարը կտևի այնքան ժամանակ, մինչև Թրամփը չհամոզվի, որ Ուկրաինայի ղեկավարությունը խաղաղության ձգտում է դրսևորում։

«Սա օգնության վերջնական ընդհատում​​ չէ, դա դադար է»,-ըստ Fox News-ի՝ հայտարարել է Թրամփի վարչակազմի պաշտոնյան։

Ինչպես նշում է Bloomberg-ը, որոշումը կանդրադառնա Ուկրաինա չմատակարարված ամերիկյան ամբողջ ռազմական տեխնիկայի վրա, ներառյալ՝ տարանցիկ զենքի կամ Լեհաստանով տարանցման սպասման մեջ գտնվող զենքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով