Քաղաքական տգիտությո՞ւն, թե՞ գիտակցված սրբապղծություն.
Երբեմն թվում է, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում արդեն ամեն ինչ տեսել ենք, բայց որոշ գործիչներ կարողանում են զարմացնել իրենց ցինիզմով։ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Բորիս Մուրազին, փորձելով քաղաքական միավորներ հավաքել, թիրախավորել է Սպարապետ Վազգեն Սարգսյանին՝ նրան անվանելով ընդամենը «բանաստեղծ»,որ մի բան գրել է։
Սա պարզապես անզգույշ ձևակերպում չէ։ Սա հստակ քարոզչական գիծ է՝ նպատակ ունենալով նսեմացնել պետականության հիմնասյուներից մեկին, մարդուն, ում անվան հետ են կապված մեր բանակի կայացումն ու Արցախյան առաջին պատերազմի հաղթանակները։
Վազգեն Սարգսյանը կարող էր լինել լավ բանաստեղծ կամ հրապարակախոս, բայց նա ընտրեց զենքը, ընտրեց պատասխանատվությունը և դարձավ մեր նորագույն պատմության ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Նրան «բանաստեղծ» կամ «հոդվածագիր» պիտակելով՝ փորձ է արվում ջնջել նրա ռազմական ու պետական գործչի հսկայական կերպարը, նրան ներկայացնել որպես սովորական մի մտավորականի, ով կապ չունի իրական հաղթանակների հետ։
Ցավալի է, որ Քոչարյանի գլխավորած դաշինքի թեկնածուն նման էժանագին ու վտանգավոր մեթոդներով է քարոզչություն անում։ Եթե քաղաքական պայքարը հասել է նրան, որ պետք է ուրանալ Սպարապետի ուժն ու ավանդը, ապա այդտեղ վերջանում է քաղաքականությունը և սկսվում է բարոյական անկումը։
Հարգելի՛ հայրենակիցներ, այսպիսի քարոզչությունը ոչ թե ուժի, այլ տկարության նշան է։ Մարդիկ, ովքեր փորձում են կառուցել իրենց ապագան՝ ցեխ շպրտելով մեր պատմության լուսավոր էջերի վրա, պարզապես իրավունք չունեն խոսել պետական շահից։
Լրագրող Լաուրա Ստեփանյան

