Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին, նրանց մարզիչներին և ֆեդերացիաների ղեկավարներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց՝ Հայաստանի Հանրապետությունը Փարիզի Օլիմպիական խաղերին պատվով ներկայացնելու համար և հավելել, որ Կառավարությունը փորձել է հնարավորն անել, որպեսզի հարմարավետ պայմաններ ստեղծի հավաքականի համար` Օլիմպիական խաղերին մասնակցելու առումով:
Ըստ աղբյուրի՝ վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկայում մասնավոր-պետություն համագործակցությամբ մարզերում ստեղծվելու են մարզական ենթակառուցվածքներ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը մարզերում կկառուցի մարզական կենտրոններ, և կառավարումը կհանձնի պրոֆեսիոնալ ընկերությունների: «Նաև այդ կենտրոններում երեխաների այցելությունները կֆինանսավորենք՝ ինչպես դպրոցն ենք ֆինանսավորում երեխայի թվով: Ամեն կենտրոնի որոշակի քվոտա կհատկացվի, որպեսզի երեխաների մասնակցությունը ֆինանսավորենք»,- ասել է Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ սպորտին պետք է վերաբերվել որպես տնտեսության ճյուղի: Վարչապետի համոզմամբ՝ ամենակարևոր տնտեսական բաղադրիչը հետևյալն է՝ կա ներդրում, կա ճիշտ կառավարում՝ կա արդյունք, չկա ներդրում, չկա ճիշտ կառավարում՝ չկա արդյունք:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կառավարության և մարզական ֆեդերացիաների արդյունավետ աշխատանքը: Վարչապետը նկատել է, որ Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խաղերում նոր սերնդի բավականին թվով մարզիկներ են եղել, որոնց հետ հույսեր են կապվում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աջակցության ծրագրերն ինչպես նախանշված են՝ կշարունակվեն: «Եվ, ամփոփելով՝ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր նվիրումի, ձեր ելույթների, ձեր ջանքի համար: Կարծում եմ՝ գիտեք և պատկերացնում եք, թե մենք բոլորս ինչպիսի մեծ հուզումով ենք սպասել լուրերի»,- ասել է Կառավարության ղեկավարը:
Հաջորդիվ քննարկվել են Հայաստանում մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, հաջորդ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելուն, սպորտի զարգացման ուղղությամբ քայլերին վերաբերող հարցեր:

