Հայաստանում քրեական գործ է հարուցվել վիրավորական ռիլս հրապարակած բլոգեր Պիրոժկովայի նկատմամբ․ «Вот Так»

Հայաստանում քրեական գործ է հարուցվել բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ, հայտնում է «Вот Так» պարբերականը՝ վկայակոչելով համապատասխան հարցման վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պատասխանը։

Գերատեսչության տվյալներով՝ քրեական հետապնդման առիթ է դարձել Instagram-ում հրապարակված տեսանյութը, որում Պիրոժկովան սուր քննադատության է ենթարկել Վարդավառ ազգային տոնը, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ է թույլ տվել հայ ժողովրդի հասցեին։ Հրապարակումից հետո տեսանյութը հանրային լայն արձագանք է բարձրացրել։

Գործը հարուցվել է ինտերնետի օգտագործմամբ ատելություն և խտրականություն հրահրելուն ուղղված հրապարակային արտահայտությունների հոդվածով։ Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը ենթադրում է մինչև չորս տարի ժամկետով ազատազրկում։

Քննության ընթացքում բլոգերի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բնակության վայրը ինքնակամ լքելու արգելքը։

Հայաստանի օրենսդրության համաձայն՝ սա նշանակում է, որ նա չի կարող լքել իր քաղաքի սահմանները առանց քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության: Սահմանափակումը խախտելու դեպքում խափանման միջոցը կարող է խստացվել՝ ընդհուպ մինչև կալանավորում:

Ինչպես նշում է «Вот Так»-ը, Պիրոժկովան Instagram-ում էջ է վարում pirzhokova_pro.online մականունով և, դատելով նրա հրապարակումներից, Հայաստանում բնակվում է առնվազն 2025 թվականի գարնանից։ Իր բլոգում նա պատմում է երկրում կյանքի, կենցաղային վեճերի, այդ թվում՝ տանտիրոջ հետ ունեցած խնդիրների, ինչպես նաև իր երեխայի առողջական խնդիրների մասին։

Հուլիսի 14-ին բլոգերը տեսանյութ է հրապարակել, որում քննադատել է Վարդավառի ժամանակ ջրվելու ավանդույթը։ Նա հայտարարել է, որ անթույլատրելի է համարում այն մարդկանց ջրելը, ովքեր չեն ցանկանում մասնակցել տոնին՝ նման գործողություններն անվանելով «ագրեսիայի դրսևորում»։ Ավելի ուշ story-ներում նա ցույց է տվել, թե ինչպես է տոնի մասնակիցներից մեկն իր վրա ջուր լցրել, ինչից հետո հայերին անվանել է «առնետ ժողովուրդ» և բողոքել փչացած հագուստից։

Տեսանյութի հրապարակումից հետո սոցիալական ցանցերում ակտիվ քննարկում է ծավալվել։ Տեսանյութը սուր արձագանք է առաջացրել ինչպես հայ օգտատերերի, այնպես էլ Հայաստանում ռուսական համայնքի մի մասի կողմից։ Ընդ որում, ինքը՝ Պիրոժկովան, հայտարարել է, որ հրապարակումից հետո բախվել է սպառնալիքների։

Շատ մեկնաբաններ նշել են, որ Վարդավառի ընթացքում ավանդաբար ընդունված է ջուր լցնել անցորդների վրա, իսկ նրանց, ովքեր չեն ցանկանում մասնակցել տոնին, սովորաբար խորհուրդ է տրվում դուրս չգալ փողոց։ Մյուս օգտատերերը բլոգերին կոչ էին անում լքել երկիրը, եթե նրան չեն գոհացնում տեղի ավանդույթները։

Իրավիճակին արձագանքել են նաև այլ բլոգերներ։ Մասնավորապես, բլոգեր Գալինա Տիշը հրապարակել է տեսանյութ, որում քննադատել է Պիրոժկովայի արտահայտությունները և հարց բարձրացրել, թե ինչու են Հայաստանի մասին բացասական արտահայտվող մարդիկ շարունակում գալ ու ապրել երկրում։

Երկու շաբաթվա ընթացքում Պիրոժկովայի տեսանյութը հավաքել է ավելի քան 240 հազար դիտում և ավելի քան հինգ հազար մեկնաբանություն, իսկ նրա էջի հետևորդների քանակն աճել է ավելի քան 15 անգամ՝ գերազանցելով 31 հազարը։ Տեսանյութի հրապարակումից երկու օր անց բլոգերը ներողություն է խնդրել, սակայն շատ օգտատերեր դա անկեղծ չեն համարել։

Մեկնաբանություններում հնչում էին նաև Հայաստանում նրա գտնվելու օրինականությունը ստուգելու և նրա արտահայտություններին իրավական գնահատական տալու կոչեր։

Հայաստանի ՆԳՆ-ից «Вот Так»-ին հայտնել են, որ ոստիկանությունը ստուգում է իրականացրել հրապարակման փաստով, ինչից հետո դրա նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե, որն էլ քրեական գործ է հարուցել վերջինիս նկատմամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով