Հրաչյա Ռոստոմյանը հեռացավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Այդ մասին հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը, որը հրապարակել է Ռոստոմյանի հրաժարականի հայտարարության տեքտսը:

«Սիրելի՛ ընկերներ,

20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պատասխանատու պաշտոնին։

2006 թվականին, երբ ստանձնեցի ֆեդերացիայի ղեկավարումը, հայկական բասկետբոլը գտնվում էր չափազանց ծանր վիճակում։ Չկային ազգային հավաքականներ, չէին անցկացվում կանոնավոր առաջնություններ, բացակայում էին զարգացման համակարգային ծրագրերը։ Մենք փաստացի սկսեցինք ամեն ինչ զրոյից։

Տարիների ընթացքում համատեղ աշխատանքի, նվիրումի և հետևողականության շնորհիվ կարողացանք վերակենդանացնել այս գեղեցիկ մարզաձևը Հայաստանում։ Այսօր հեռանում եմ այն համոզմամբ, որ թողնում եմ կայացած և զարգացող ֆեդերացիա՝ մարտունակ ազգային հավաքականներով, բազմաթիվ տարիքային առաջնություններով, միջազգային համագործակցությամբ և, ամենակարևորը, իր գործին նվիրված ու բարձր մասնագիտական որակներ ունեցող թիմով։

Այս ճանապարհը հնարավոր չէր լինի անցնել առանց բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում եղել են մեր կողքին։ Շնորհակալություն եմ հայտնում մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին, ակումբներին, գործադիր կոմիտեի անդամներին, գործընկերներին, հովանավորներին և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայկական բասկետբոլի զարգացման գործում։

Սրտանց հաջողություն եմ մաղթում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նոր նախագահին, գործադիր կոմիտեին և ամբողջ թիմին։ Վստահ եմ, որ դուք կկարողանաք ոչ միայն պահպանել մեր ձեռքբերումները, այլև հայկական բասկետբոլը հասցնել նոր ու ավելի բարձր մակարդակի։

Շնորհակալություն բոլորիդ այս երկար ճանապարհն ինձ հետ անցնելու համար։ Մաղթում եմ, որ հայկական բասկետբոլը շարունակի զարգանալ, հաղթել և արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում։

Հարգանքով՝

Հրաչյա Ռոստոմյան»,- գրված է Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով