Բնագրում վկայակոչված Reuters/Ipsos-ի հարցման համաձայն՝ Թրամփի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների ընդամենը 33 տոկոսը, իսկ պատերազմի շարունակման նկատմամբ հանրային աջակցությունը նույնպես նվազել է։
Հակամարտության ֆինանսական և քաղաքական գնի, դրա երկարատև բնույթի, ինչպես նաև էներգետիկ շուկաների և ամերիկյան տնային տնտեսությունների տնտեսական վիճակի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ մտահոգությունների աճը լրացուցիչ ճնշում է ստեղծում Թրամփի վարչակազմի համար։
Այսպիսով, Սպիտակ տունը կանգնած է բարդ ռազմավարական երկընտրանքի առջև։
Մի կողմից՝ հետագա էսկալացիան կարող է մեծացնել Միացյալ Նահանգների ռազմական, տնտեսական և քաղաքական ծախսերը։ Մյուս կողմից՝ պատերազմի ավարտը՝ առանց նախապես հռչակված նպատակների իրականացման, ներքաղաքական դաշտում կարող է ընկալվել և ներկայացվել որպես նահանջ։
Եզրակացություն․ ռազմավարական փակուղու կառավարումը
Այս գործոնների համադրությունը ցույց է տալիս, որ Իրանի հետ դիմակայությունում Միացյալ Նահանգները հայտնվել է գնալով ավելի բարդ ռազմավարական իրավիճակում։
Ռազմական ռեսուրսների նկատմամբ աճող ճնշումը, սկզբնական նպատակների և փաստացի արդյունքների միջև խորացող տարբերությունը, տնտեսական ծախսերի ավելացումը և ներքին աջակցության նվազումը էապես սահմանափակում են Վաշինգտոնի հետագա ընտրության հնարավորությունները։
Սակայն սա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները կորցրել է իրավիճակի վրա ազդելու իր կարողությունները։
Վաշինգտոնի տրամադրության տակ շարունակում են մնալ ռազմական, տնտեսական և քաղաքական ազդեցության զգալի գործիքներ, իսկ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման ուժեղացման քաղաքականությունը շարունակվում է։
Խնդիրն այլ է․ մինչ այժմ այդ գործիքների կիրառումը չի ապահովել այն վճռական և կայուն արդյունքը, որին ձգտում էին Միացյալ Նահանգները։
Այս տեսանկյունից Իրանի հետ հնարավոր բանակցությունների շուրջ Վաշինգտոնից հնչող հակասական ազդակները կարող են դիտարկվել որպես ավելի խորքային ռազմավարական խնդրի արտահայտություն․ Միացյալ Նահանգները դեռևս փորձում է գտնել այնպիսի կենսունակ ռազմավարություն, որը թույլ կտա միաժամանակ կառավարել շարունակվող ճգնաժամը և ձևավորել դրանից դուրս գալու ընդունելի ճանապարհ։
Թրամփի վարչակազմի համար առանցքային հարցն աստիճանաբար դառնում է ոչ միայն այն, թե ինչպես շարունակել ճնշումը Իրանի նկատմամբ, այլև՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ առանց պարտության կամ նահանջի տպավորություն ստեղծելու և, միաժամանակ, առանց հետագա հակամարտության ավելի բարձր գին վճարելու։
Այն, ինչ սկզբնական փուլում ներկայացվում էր որպես ամերիկյան ուժի ցուցադրում և սահմանափակ ժամանակահատվածում արդյունք ապահովող ռազմական գործողություն, վերածվել է Վաշինգտոնի համար ավելի լայն ռազմավարական մարտահրավերի։
Իրանի շարունակական դիմադրությունը և զսպման ներուժի զգալի մասի պահպանումը փոփոխության են ենթարկել ԱՄՆ սկզբնական հաշվարկների կարևոր բաղադրիչները։
Արդյունքում Թրամփի վարչակազմի առջև ձևավորվել է մի իրավիճակ, որտեղ հիմնական մարտահրավերն այլևս միայն ուժի ցուցադրումը չէ, այլ այդ ուժի կիրառմամբ ստեղծված երկարատև ռազմավարական փակուղու կառավարումը։
Իրանագետ ,միջազգային վերլուծաբան
Մեհդի Հոնարդիդեհ

