ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը ներկայումս չի նախապատրաստվում, հայտարարել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այժմ չի նախապատրաստվում, բայց երբ նախագահները անհրաժեշտ համարեն, դա կարվի»,- ասել է նա, հաղորդում է Ինտերֆաքսը։
Կրեմլի ներկայացուցչին նաև խնդրել են մեկնաբանել Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա հոգնել է «ցածր մակարդակի» բանակցություններից։
«Սպասվում է բավականին տքնաջան և, գուցե, որոշ ուղղություններով երկարատև աշխատանք կարգավորման ուղղությամբ՝ կապված մեծ թվով նրբերանգների հետ, որոնք պետք է քննարկվեն։ Ռուսաստանյան կողմը պատրաստ է այս աշխատանքին»,- արձագանքել է Պեսկովը։
Այսօր Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է իր ռուսաստանյան գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպման գաղափարի համար՝ միաժամանակ կոչ անելով սպասել նրանց զրույցի արդյունքներին։ Նա հավելել է, որ Թրամփը հասկացրել է, որ ցանկանում է հնարավորինս արագ հասնել հրադադարի։

