Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, Handelsblatt-ին տված հարցազրույցում, կոչ է արել հանգստություն պահպանել գերմանական օդանավակայանների վրայով անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դիտարկումների մասին հաղորդագրություններից հետո՝ ընդգծելով, որ նման միջադեպերը, ամենայն հավանականությամբ, կապված են վախի և անորոշության մթնոլորտ ստեղծելուն ուղղված հոգեբանական գործողությունների հետ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը նման գործողություններն օգտագործում է ապակայունացման համար և նպատակը ոչ այնքան ֆիզիկական վնաս հասցնելն է, որքան Գերմանիայի հասարակական տրամադրությունների վրա ազդելը։
«Խոսքը սադրանքի մասին է՝ վախ ստեղծելու, հանրությանը շփոթեցնելու, կասկած սերմանելու և ավելորդ բանավեճեր հրահրելու փորձի մասին է», — ասել է Պիստորիուսը։
Նախարարը շեշտել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ լավ գիտի Գերմանիան», նրա մտածելակերպը, թույլ կողմերը և «հասարակության ռեֆլեքսները»։
«Նա հասկանում է, թե որ թեմաներն են մեզ անհանգստացնում, թե որ զգացմունքներին կարելի է դիպչել` իրավիճակը ապակայունացնելու համար։ Եվ նա օգտվում է դրանից», — ասել է Պիստորիուսը։
Նախարարի խոսքով՝ Գերմանիան չպետք է տրվի նման հոգեբանական մանիպուլյացիաներին և պետք է «մնա սառնասիրտ և զուսպ»։
Պիստորիուսը նաև զգուշացրել է բանակի նկատմամբ չափազանցված ակնկալիքներ ունենալու մասին։
«Բունդեսվերը չի կարող արձագանքել երկնքում հայտնված յուրաքանչյուր անօդաչու թռչող սարքի։ Մեր ուժը ոչ թե այն է, որ կրակենք այն ամենի վրա, ինչը շարժվում է, այլ նրանում, որ պահպանենք ինքնատիրապետումը և սթափ գնահատենք տեղի ունեցողը»,- ասել է նա։

