ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթներով օգոստոսի 25-ին միաժամանակյա խուզարկություններ են կատարվել տնտեսվարողների գործունեության և բնակության ընդհանուր թվով 17 հասցեներում, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթների համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և առարկաներ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:«Տնտեսվարող սուբյեկտների գործունեության հասցեները ապացուցողական և վարութային գործողություններ իրականացնելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով կապարակնքվել են: Հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ տնօրեններ Ի.Հ.-ի, Ա.Ա.-ի, Կ.Ա.-ի և նախկին տնօրեն Հ.Մ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են: Վերջիններս ձերբակալվել են: Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվելու դատարան: Հիշյալ տնտեսվարող սուբյեկտներով պետությանը պատճառվել է շուրջ 2 մլրդ 682 մլն 21 հզր 224 ՀՀ դրամի վնաս»,- ասվում է հաղորդագրությունում:
2026-08-25

