Առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք. Միրզոյան

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և մոտ ապագայում, հնարավոր է, նոր առաջընթաց արձանագրվի։ Այս մասին հունիսի 8-ին խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական երկխոսության թեմային և այս ուղղությամբ վերջին շրջանում կատարված աշխատանքներին։

«Կայացել են Գյումրի-Կարս երկաթգծի աշխատանքների վերագործարկման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումները, ինչպես նաև մի շարք այլ հանդիպումներ»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջիկայում հնարավոր են նոր, շոշափելի արդյունքներ։

«Իմ ակնկալիքն ու կարծիքն այն է, որ ամենամոտ ապագայում ինչ-որ փուլում մենք շոշափելի առաջընթաց կունենանք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների լիակատար կարգավորման հարցում»,- նշել է նախարարը։

Միրզոյանը նաև վստահություն է հայտնել, որ կարգավորման գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին։

«Ուզում եմ վստահություն հայտնել, որ առաջիկայում մենք, ըստ էության, կհասնենք լիակատար կարգավորման»,- հայտարարել է արտաքին գործերի նախարարը։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ երկու երկրների միջև արդեն իսկ առկա է ուղղակի առևտուր։

«Նշեմ միայն վերջին իրադարձությունը, թեև այն չի վերաբերում հաշվետու ժամանակահատվածին։ Հիմա Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունի ուղղակի առևտուր՝ թե՛ մաքսային, թե՛ աշխարհագրական առումով, չնայած այն հանգամանքին, որ մատակարարումները դեռևս իրականացվում են երրորդ երկրների տարածքներով»,— ասել է Միրզոյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով