Խնդրում եմ տվեք հնարավորություն՝ երեխայիս տիրություն անեմ մինչև քննության ավարտը, այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպի գործով անցնող Դավիթ Մինասյանի մայրը՝ Գայանե Մինասյանը:
Նա տեղի ունեցածը թյուրիմացություն որակեց՝ նշելով, որ իր տղաներն ամեն կիրակի մասնակցում են պատարագների:
«Խնդրում եմ հնարավորություն տալ խնամել որդուս, իմ տղաները ամեն կիրակի պատարագի են մասնակցում: Ես խնդրում եմ ուղղակի անաչառ քննություն արվի, ես՝ որպես մայր, հնարավորություն ունենամ երեխայիս տանը իմ հսկողության տակ տիրություն անելու՝ մինչև դատարանն իր քննությունը կատարի, ամեն ինչ ըստ օրենքի արվի։ Գոնե առողջությունը, կյանքը չվտանգվի։ Մյուս տղաս էլ, կասկածում եմ, որ թոքաբորբ է»,- նշեց Դավիթի մայրը:
Նրա խոսքով՝ իր երեխաները զույգ տղաներ են, որոնց ունեցել է 33 տարեկանում, շատ դժվարությամբ է մեծացրել։ Հավատացրեց, որ իր տղաները կիրթ, դաստիարակված են։
«Ովքեր ճանաչում են, կասեն՝ կուլտուրական, կիրթ տղաներ են, տուն, դպրոց, պարապել, եկեղեցում՝ պատարագի: Տղայիս՝ Դավիթին խփեցին, բրթեցին եկեղեցում, հրմշտոց էր, ինքն էլ ուզում էր իր տեղում կանգնել, աղոթել»,- պատմեց, որ որդուն հրել են, ինքն ընկել, վեր է կացել, եղբայրն է օգնել:
Այսօր Գայանե Մինասյանը դեռ չի հասցրել տեսնել որդուն՝ Դավիթին։
Նշենք, որ քիչ անց կհրապարակվի Դավիթ Մինասյանին կալանքի վերաբերյալ որոշումը։
Հիշեցնենք, որ կիրակի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միջադեպ էր տեղի ունեցել։ Այն պահին, երբ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, որպեսզի նա դուրս գար, մի երիտասարդ փորձել է ձեռքով հարվածել վարչապետին։ Այս միջադեպի գործով անցնում է երեք անձ՝ Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներն ու հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը: Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։
Աղմկահարույց միջադեպի մյուս մասնակիցները՝ Դավիթ Մինասյանի եղբայր Միքայել Մինասյանն ու Գևորգ Գևորգյանն ազատ են արձակվել։ Գևորգյանի նկատմամբ կիրառվել է 5 մլն դրամ գրավ ու բացակայելու արգելք, իսկ Միքայել Մինասյանի նկատամամբ՝ միայն բացակայելու արգելք։ Նա մեղադրվում է այդ գործողություններին աջակցելու համար:
Հավելենք, որ Գևորգ Գևորգյանը մեղադրվում է միջադեպը կազմակերպելու համար։ Գևորգյանը, սակայն, հերքել է միջադեպի կազմակերպված լինելն ու հայտնել, որ չի ընդունում ներկայացված մեղադրանքները։

