Հակոն Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Անկեղծ ասեմ, ես մի փոքր չեմ հավատում, թե Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի ուժին կզրկի ընտրությանը մասնակցելուց: Եթե նա լիներ զրկող, կաներ դա հենց ինքը, այլ ոչ թե հրապարակավ «կգցեր» պատասխանատվությունը իր արբանյակների վրա, ընդ որում՝ վարկաբեկելով նրանց:
Ի՞նչ արեց Փաշինյանը երեկ: Նա գցեց այդ հարցը արեւմտամետների «գրպանը»: Ես այդ բարդ սխեմայի մասին՝ իր եւ «արեւմտամոլ» արբանյակ ուժերի հարաբերության, խոսել եմ դեռ ամիսներ առաջ՝ Օրվա թեմայի շրջանակում:
Նիկոլ Փաշինյանը գցեց հարցը «արեւմտամոլ» ուժերի գրպանը, ըստ էության վարկաբեկելով նրանց: Ինչո՞ւ: Որովհետեւ, նախ բավականին բարդ է խաղը, ոչ միարժեք թե արտաքին տիրույթում, թե իշխանության ներսում:
Երկրորդ, Նիկոլ Փաշինյանին պետք են նաեւ «արեւմտամոլների» ձայները: Նրանք ընտրական պրոցեսում նրան պետք չէին ձայն փոշիացնելու համար, առավել եւս՝ անցնելու եւ կոալիցիայի համար: Փաշինյանը գիտե, որ այս սեգմենտը չունի այդպիսի ներուժ:
Այդ ուժերը Փաշինյանին պետք էին ընդամենը հենց քարոզչական աղմուկի համար՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ, Սամվել Կարապետյանի դեմ հակաքարոզչության համար: Նրանք կատարեցին իրենց ֆունկցիան, ու բոլորովին պատահական չէ, որ Փաշինյանը հենց վերջին օրը նրանց, այսպես ասած, «փուռը տվեց», նրանց «գրպանը» գցելով ընդդիմության առաջատար ուժերին չգրանցելը եւ փաստորեն առավել քան ակնառու, հրապարակավ «վառելով» այդ ուժերին, որպես իշխանության ենթակա ուժեր:
Օրինակ, եթե Արամ Սարգսյանն ունենար քաղաքական մտածողություն, ապա ըստ իս՝ նա այսօր չէր դիմի ԿԸՀ, Սամվել Կարապետյանին չգրանցելու համար: Բայց նա քաղաքական գործիչ չէ, նա պարզապես պրիմիտիվ «արեւմտամոլությամբ» դիրքավորված ուժ է, որի ֆունկցիան նույնքան պրիմիտիվ հակառուսականությունն է: Այդ ֆունկցիայից դուրս նա նույնիսկ Արեւմուտքին հետաքրքիր չէ: Եվ այդպես բոլոր «արեւմտամոլ» ուժերը: Իրենք են ընտրել իրենց այդպիսի դիրքը, այսինքն դա կամովին ընտրություն է:
Այդպիսով, ես խիստ կասկածում եմ, որ Փաշինյանը գնա իրապես Կարապետյանի ուժին մասնակցությունից զրկելու քայլի:
Կանի դա թերեւս մի դեպքում՝ եթե ուզում է խթանել այն «հեղափոխությունը», որը պարբերաբար հիշատակում է, թե՝ «ժողովրդդին ասել եմ, եթե դժգոհ եք, ելեք հեղափոխություն արեք իմ դեմ»»:

