Կառավարությունը պետական աշխատողներին մինչև տարվա կես 4.6 միլիարդ դրամից կամ 12 միլիոն դոլարից ավելի պարգևավճար կբաժանի: Եթե 2025-ի առաջին կիսամյակի արդյունքներով պարգևատրումներին 3.6 միլիարդ դրամ էր ուղղվել, ապա ընտրություններին ընդառաջ՝ տարվա մյուս կեսի համար, նրանց աշխատանքն էլ ավելի բարձր է գնահատվել, գումարն էլ կառավարությունը մեկ միլիարդով ավելացրել է:
Փաշինյանի կաբինետն այսօր որոշումը միաձայն ընդունեց: 4.6 միլիարդը կառավարությունը կտա պահուստային ֆոնդից, իսկ պարգևատրումներն աշխատողները մինչև ընտրություններ կստանան:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանն ընտրությունների նախաշեմին աշխատանքի խրախուսման նոր ծրագրի մեջ քաղաքական կոռուպցիայի ռիսկեր է տեսնում. «Ընտրությունների նախօրյակին է այս ամենը լինում, և սա արդեն այլ պատմություն է, որ բնականաբար ստանալով այդքան գումար՝ նրանք պիտի շնորհակալ լինեն դրա համար, — ասաց նա՝ շարունակելով, — Սա քրեորեն պատժելի առարկա չէ զուտ բարոյական իմաստով: Արդեն պարզ է, որ այս ամենը երբ որ արվում է ընտրություններից առաջ, այսինքն՝ անընդհատ այս երևույթը կար, այնպես չէ, որ սա նոր է, խնդիրը մասշտաբների մեջ է»:

