ԱՄՆ-ն, Իսրայելը և Պարսից ծոցի երկրները կարող են սպառել իրենց հրթիռային զինանոցները մի քանի օրվա ընթացքում, եթե Իրանը պահպանի իր ներկայիս հարվածների ինտենսիվությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Գործակալությունը նշում է, որ իրանական բալիստիկ և թևավոր հրթիռներից, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերից պաշտպանությունը մեծ թվով որսիչ սարքեր է պահանջում. ռազմական դոկտրինը սովորաբար նախատեսում է յուրաքանչյուր թիրախի վրա երկու-երեք հրթիռ արձակել: Արդյունքում, պաշարները սպառվում են ավելի արագ, քան արտադրությունը կարող է բավարարել:
Սթիմսոն կենտրոնի ավագ գիտաշխատող Քելլի Գրիկոն Bloomberg-ին ասել է, որ հակահրթիռային համակարգերը, մասնավորապես՝ հակաբալիստիկ հրթիռները, «լուրջ մտահոգություն» են առաջացնում, քանի որ «մենք դրանք օգտագործում ենք ավելի արագ, քան կարող ենք արտադրել»։
Փորձագետները նշում են, որ Իրանի կողմից լայնածավալ արձակումների պահպանման դեպքում հարցը կլինի ոչ թե ՀՕՊ-ի արդյունավետությունը, այլ այն, թե ում զինամթերքն ավելի շուտ կսպառվի։
The Wall Street Journal-ը նույնպես հայտնել է, որ ամերիկացի զինվորականները զգուշացնում են ԱՄՆ ղեկավարությանը՝ Իրանի հետ լայնածավալ հակամարտության դեպքում հակահրթիռային որսիչների պաշարների արագ սպառման ռիսկի մասին։
Պարբերականի տվյալներով՝ խոսքը ՀՕՊ համակարգերի զինամթերքի մասին է, ներառյալ Patriot-ը և THAAD-ը։ Ինտենսիվ հրթիռային հարվածների դեպքում նման հակահրթիռների պաշարները կարող են զգալիորեն նվազել մի քանի շաբաթվա ընթացքում։

