Սույն թվականի հունիսի 29-ին Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Երկու հայրենիքների միջև. Ալեքսանդր Սարուխանը և հանրային դիվանագիտության ուժը» խորագրով միջոցառում՝ նվիրված եգիպտահայ նշանավոր ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի հիշատակին։
ԳԱԱ–ից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցեցին հայ և եգիպտացի պատմաբաններ, մշակույթի գործիչներ, հետազոտողներ, լրագրողներ և դիվանագետներ։ Հատուկ հյուրն էր Ալեքսանդր Սարուխանի թոռնուհին՝ Սիլվա Ներետյան-Բլատյանը։
Ողջունելով մասնակիցներին՝ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ այս միջոցառումը հնարավորություն է նորովի բացահայտելու Ալեքսանդր Սարուխանի հարուստ ստեղծագործական ժառանգությունը։
Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին իր ողջույնի խոսքում նշեց, որ Ալեքսանդր Սարուխանը Եգիպտոսում ծաղրանկարչության մեծագույն և ամենահայտնի վարպետներից էր։ Նրա ստեղծագործությունները հայ և եգիպտացի ժողովուրդների միջև մշակութային կապերի և բարեկամության խորհրդանիշ են։
«Հայ և եգիպտացի ժողովուրդներին միավորում է քաղաքակրթական այն ընդհանուր միջավայրը, որտեղ նրանք ձևավորվել, զարգացել և դարերի ընթացքում ամրապնդել են իրենց բարեկամական կապերը։ Մենք պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք այն կամուրջներին, որոնք միավորում են մեր երկու ժողովուրդներին։ Այդ կարևոր կամուրջներից մեկը Ալեքսանդր Սարուխանն է», — ասաց Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Արաքս Փաշայանը։
Ալեքսանդր Սարուխանի թոռնուհի Սիլվա Ներետյան-Բլատյանը, որը զբաղվում է պապի ստեղծագործական ժառանգության պահպանմամբ և հանրայնացմամբ, ներկայացրեց անվանի ծաղրանկարչի կյանքն ու ստեղծագործական ուղին՝ անդրադառնալով նրա արվեստի առանձնահատկություններին և թողած հարուստ ժառանգությանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Ալեքսանդր Սարուխանի ստեղծագործությունները, արժևորվեց նրա արվեստի բացառիկ դերը հայ երգիծանկարչության զարգացման գործում։

