Իրանում Խամենեիի հրաժեշտի արարողության օրերին 850 դատապարտյալ կհամաներվի

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունների օրերին երկրի իշխանությունները կարգադրել են համաներում շնորհել թեթև հանցանքներ գործած առնվազն 850 կալանավորի։ Այս մասին հայտնել է Իրանի դրամական փոխհատուցումների վճարման ժողովրդական շտաբի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սեյեդ Ասադոլլա Ջուլային։

«Ոչ դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտված 850 բանտարկյալների ազատ արձակմանն աջակցելու նպատակով կիրակի օրը կայացած հատուկ նիստում, որին մասնակցում էին պետական ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ, քննվել են երկրի բոլոր 31 նահանգներից ստացված գործերը։ Արդյունքում որոշում է կայացվել ազատ արձակել ֆինանսական պարտավորությունների պատճառով անազատության մեջ գտնվող 520 հոգու, ինչպես նաև ամուսնական պայմանագրերի վճարների և ալիմենտի հետ կապված գործերով դատապարտված 330 քաղաքացու», — նրա խոսքերն է մեջբերում «Tasnim» գործակալությունը։

Իրանի վախճանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը կմեկնարկի հուլիսի 3-ին Թեհրանում։ Սգո միջոցառմանը կմասնակցեն առնվազն 30 երկրից ժամանած բարձրաստիճան պատվիրակություններ։ Հուլիսի 4-ից 5-ը Ալի Խամենեիի մարմինը կգտնվի Թեհրանի Մոսալլայում (մայրաքաղաքի խոշորագույն կրոնահասարակական համալիրը), որտեղ ցանկացած մարդ հնարավորություն կունենա հրաժեշտ տալ երկրի առաջնորդին։ Հուլիսի 6-ին Իրանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով կանցկացվի սգո երթ, որից հետո մարմինը կտեղափոխվի Իրանի գլխավոր կրոնական կենտրոն՝ Ղոմ քաղաք. այնտեղ սգո արարողությունները կկայանան հուլիսի 7-ին։ Խամենեիի հուղարկավորությունը նախատեսված է հուլիսի 9-ին՝ նրա ծննդավայր Մաշհադում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով