Իրազեկում եմ հանրությանը, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ ստացել եմ ծանուցում առ այն, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում, հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ինձ համար ակնհայտ է, որ այս որոշումը պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ ու հանրային ակտիվությամբ, քանի որ ինձ չի ներկայացվել և չէր էլ կարող ներկայացվել բուն դասավանդման որակի վերաբերյալ որևէ նկատառում։
Հակառակ մեծ զբաղվածությանս, համալսարանական նոր սերունդների կրթությանը տասնամյակներ շարունակ իմ լուման ներդնելու որոշումս առաջին հերթին պայմանավորված է եղել իմ Մայր կրթօջախի նկատմամբ ունեցածս բարոյական պարտավորությամբ։ Ուստի Մայր բուհում 23-ամյա դասախոսական աշխատանքս ավարտում եմ հանգիստ խղճով ու բաց ճակատ։
Միևնույն ժամանակ, ԵՊՀ ռեկտորի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող անձի այս որոշումը դիտարկում եմ որպես կամայականության ու ապօրինության դրսևորում։ Այն փոքր կաթիլ է Հայաստանի «ադրբեջանացման» հրեշավոր ծրագրում, որի կարևոր բաղադրիչ է գիտա-կրթական համակարգի վեթինգը։ Այս առումով, իմ հանդեպ կայացված որոշումը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ, ցավոք, վերջինը։
Հ․Գ. Կրթական ու գիտական գործունեությունս, բնականաբար, շարունակելու եմ։ Մոտ օրերս կհայտարարեմ Մխիթար Գոշի Հայոց Դատաստանագրքի վերաբերյալ մենագրությանս շնորհանդեսի օրը։ Շուրջ 6 տարվա աշխատանքս շուտով կհանձնեմ ընթերցողի դատին, ու կտեսնեք՝ որքա՜ն նման են ժամանակները։ Այն ժամանակ նույնպես մարդիկ պայքարում էին Հայաստանը «ապահայկականացման» ծրագրի դեմ ու նույնպես ենթարկվում էին տարատեսակ հալածանքների»,-գրել է Մելիքյանը։

