Չարենցավանի համայնքապետարանում կոռուպցիոն սխեմանե՞ր են գործում «Կարծիք»-ի խմբագրությունը քաղաքացիներից ահազանգեր է ստացել Չարենցավան համայնքում հողօգտագործման և սեփականաշնորհման գործընթացների վերաբերյալ։ Քաղաքացիների խոսքով՝ դիմումների և փաստաթղթերի ընթացքը ձգձգվում է, ինչի հետևանքով նրանք չեն կարողանում իրականացնել նախատեսված շինարարական աշխատանքները կամ լիարժեք իրացնել իրենց պատկանող գույքի նկատմամբ իրավունքները։ Ինչո՞վ են պայմանավորված այս ձգձգումները։ Խոսքը վարչական անփութությա՞ն մասին է, թե՞ դրանք կարող են վկայել համակարգային կոռուպցիայի մասին։ «Կարծիք»-ին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ այս հարցերի առնչությամբ արդեն իսկ կան հարուցված քրեական վարույթներ։ Մեր աղբյուրը նաև պնդում է, որ գործընթացներում կարող են գործել չբացահայտված կապեր, որոնց միջոցով որոշ դիմումներ և փաստաթղթեր դիտավորյալ երկար ժամանակ ընթացք չեն ստանում։ Աղբյուրի պնդմամբ՝ քաղաքացիներին ամիսներով տարբեր ատյաններ ուղարկելու և գործընթացը ձգձգելու նպատակը որոշ դեպքերում կարող է լինել նրանցից ապօրինի վճար պահանջելը։ Այս պնդումները դեռևս պաշտոնական հաստատում չեն ստացել։ «Կարծիք»-ը գրավոր հարցումներ կուղարկի ՀՀ դատախազություն, Կոտայքի մարզպետի աշխատակազմ և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ պարզելու, թե արդյոք նշված դեպքերի առնչությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ, ինչ հիմքերով են ձգձգվել քաղաքացիների դիմումները և արդյոք իրավասու մարմինները ստացել են ապօրինի վճար պահանջելու վերաբերյալ հաղորդումներ։ Խմբագրությունը կհետևի հարցի ընթացքին և կհրապարակի ստացված պաշտոնական պատասխանները։ Հ.Գ. Եթե Չարենցավանի խոշորացված համայնքում ևս բախվել եք նման խնդիրների, գրե՛ք մեր խմբագրությանը։
Society
Are corruption schemes in Charentsavan Municipality?

Source: KARTSIQ