Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև բարեկամ հարևան Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ այս նշանակալի միջոցառումը կազմակերպելու և միջոցառմանը սիրալիր հրավերի համար։ Այս մասին հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում անցկացվող «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Այսօր մենք գտնվում ենք պատմության չափազանց կարևոր հանգրվանում։ Կենսաբազմազանության հարցերն այլևս բացառապես գիտական կամ բնապահպանական խնդիր չեն, դրանք անքակտելիորեն կապված են խաղաղության և անվտանգության, ջրային և պարենային ապահովության, ինչպես նաև մեր մոլորակի ապագա սերունդների նկատմամբ արդարության հետ։ Իրանի Իսլամական Հանրապետությունն այն առաջին երկրներից էր, որը գիտակցեց այս հարցի բացառիկ կարևորությունը և միացավ Կենսաբազմազանության մասին կոնվենցիային։ Իրանը հարուստ կենսաբազմազանություն ունի՝ Պարսից ծոցից մինչև այլ տարածաշրջաններ։ Մեր երկիրը, իր եզակի աշխարհաքաղաքական դիրքով, խորապես արմատավորված է մարդկային քաղաքակրթության պատմության մեջ։ Բնության նկատմամբ հարգալից վերաբերմունքն ու նրա հանդեպ հոգածությունը կազմում են իրանական ժողովրդի մշակութային, կրոնական և հոգևոր ինքնության անբաժանելի մասը։ Այսօր ես ստիպված եմ անդրադառնալ կարևորագույն մի խնդրի, որն այլևս չի կարելի անտեսել կենսաբազմազանության վերաբերյալ գլոբալ քննարկումներում՝ պատերազմին։ Պատերազմը հարվածում է ոչ միայն մարդկային կյանքերին և տնտեսական ենթակառուցվածքներին, այն նաև բնությանը բերում է հսկայական ավերածություններ։ Պատերազմը թունավորում է բերրի հողերը, վտանգի տակ է դնում կենսական նշանակության ջրային ռեսուրսները, ոչնչացնում է խոցելի կենսամիջավայրերը, հանգեցնում վայրի կենդանիների պոպուլյացիաների վերացման, ինչպես նաև վտանգավոր քիմիական նյութեր և ծանր մետաղներ է արտանետում խոցելի բնական էկոհամակարգեր։ Պատերազմի էկոլոգիական սպիները կարող են պահպանվել տասնամյակներ շարունակ՝ մարտական գործողությունների ավարտից շատ հետո։ Զինված հակամարտությունների ընթացքում շրջակա միջավայրի լայնածավալ ավերածություններն ուղիղ և անվիճելի կապ ունեն մեր տարածաշրջանի, այդ թվում՝ Իրանի ապագա սերունդների անվտանգության և բարեկեցության հետ։ Ռազմական ագրեսիայի էկոլոգիական հետևանքները պահանջում են միջազգային հանրության ամենալուրջ ուշադրությունն ու վճռական գործողությունները։ Մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի սանձազերծած ագրեսիվ պատերազմները՝ արդյունաբերական և էներգետիկ օբյեկտների ավերմամբ, լայնածավալ հրդեհներով, աղտոտող նյութերի արտանետումներով, ինչպես նաև հողի և ջրի աղտոտմամբ, լուրջ սպառնալիք են ստեղծել բնական էկոհամակարգերի համար և ի չիք են դարձրել կենսաբազմազանության պահպանման բոլոր ջանքերը։ Սա պարզապես առանձին պետության ներքին խնդիր չէ, այն շատ հեռու է անցնում ցանկացած երկրի քաղաքական սահմաններից։ Բնությունը չի ճանաչում քաղաքական սահմաններ։ Ջրի, հողի և մթնոլորտի աղտոտումը կանգ չի առնում պետական սահմանագծերին։ Հետևաբար, պատերազմների հետևանքով առաջացող էկոլոգիական վնասը էությամբ գլոբալ բնույթ ունի և պահանջում է միջազգային լուծումներ։ Զինված հակամարտությունների էկոլոգիական հետևանքները կարող են պահպանվել տարիներ և նույնիսկ տասնամյակներ՝ տարածվելով հսկայական հեռավորությունների վրա։ Դրա վառ ապացույցը Գազայի հատվածում ավերածությունների ծավալն է. փորձագետների գնահատմամբ՝ այնտեղի ընդարձակ տարածքները դեռևս շատ դարեր կմնան բնակության համար ոչ պիտանի։ Այն, ինչ տեղի է ունեցել մեր տարածաշրջանում ագրեսիվ պատերազմների հետևանքով, էկոցիդ է, որը պետք է անվերապահորեն դատապարտվի։ Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կստեղծի արդյունավետ, թափանցիկ և պարտադիր կատարման ենթակա մեխանիզմներ՝ մեր բնական ժառանգությունն ու կենսաբազմազանությունը պաշտպանելու համար։ Ոչ մի պետության չպետք է թույլ տա պատերազմի ժամանակ բնությունը վերածել լուռ և անպաշտպան զոհի։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հաստատակամորեն հավատարիմ է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի իրականացմանը և բնության պահպանության ոլորտում գլոբալ նպատակների ձեռքբերմանը։ Միաժամանակ, այն երկիրը, որը մի կողմից բախվում է կլիմայի փոփոխության կուտակային ճնշմանը, իսկ մյուս կողմից կրում է անօրինական տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև առաջավոր տեխնոլոգիաների և ֆինանսական ռեսուրսների սահմանափակ հասանելիության ծանր բեռը, այն երկիրը, որը երկու տարի անընդմեջ վերապրում է արգելված տեսակի զենքերի կիրառմամբ հանցավոր պատերազմներ (հաճախ՝ էկոլոգիական վնաս հասցնելու միտումնավոր նպատակով), իսկապես կարիք ունի անկեղծ միջազգային համագործակցության՝ իր բնապահպանական պարտավորությունները կատարելու և կրած կորուստները հաղթահարելու համար։ Կենսաբազմազանության պահպանումը, առանց պատշաճ ֆինանսական ապահովման, գիտելիքների և տեխնոլոգիաների արդար հասանելիության, ինչպես նաև ներուժի ամրապնդման ուղղությամբ լուրջ աշխատանքի, կմնա միայն դիվանագիտական հռետորաբանություն, ոչ պարտադիր բանաձևերի հավաքածու և չկատարված նպատակներ։ Եթե մենք իսկապես ցանկանում ենք, որ զարգացող երկրները պաշտպանեն իրենց անտառները, ջրա-ճահճային տարածքները, կենդանիների և բույսերի տեսակները, ինչպես նաև գենետիկական ռեսուրսները, մենք պարտավոր ենք նրանց տրամադրել անարգել հասանելիություն այն գործիքներին, որոնք անհրաժեշտ են այս կարևորագույն խնդիրը լուծելու համար։ Մենք խորապես համոզված ենք, որ կենսաբազմազանության պահպանության գործունեության ֆինանսավորումը պետք է դառնա ավելի հասանելի, արդար և համաչափ իրական կարիքներին։ Ավելին, առաջավոր տեխնոլոգիաների փոխանցումը, ներուժի զարգացումը, բնիկ ժողովուրդների գիտելիքների զարգացումն ու տեղական համայնքների ակտիվ ներգրավումը պետք է կենտրոնական տեղ զբաղեցնեն կոնվենցիայի իրականացման օրակարգում։ Միջազգային հանրությունը պետք է ընդունի, որ տնտեսական պատժամիջոցների կամ ռազմական ագրեսիայի ենթարկվող երկրները չպետք է մենակ մնան պատժամիջոցների կամ պատերազմների ծանր էկոլոգիական հետևանքների հետ, որոնց նախաձեռնողները նրանք երբեք չեն եղել։ Միջազգային հանրությունը պետք է ամրապնդի ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման, էկոլոգիական վնասի գնահատման, դեգրադացված էկոհամակարգերի վերականգնման, ինչպես նաև տուժած երկրներին զինված հակամարտությունների էկոլոգիական հետևանքների հաղթահարման գործում աջակցություն ցուցաբերելու մեխանիզմները։ Կենսաբազմազանության պահպանումը հնարավոր չէ ապահովել միակողմանի մոտեցմամբ, միայն մեկ հատվածի ջանքերով կամ որևէ մեկ կազմակերպության մանդատով։ Մեր մոլորակի փրկությունն ու շրջակա միջավայրի պահպանությունը պահանջում են մարդկության առջև ծառացած աննախադեպ մարտահրավերների ընդհանուր ըմբռնում, ինչպես նաև բազմազան լուծումների պատասխանատու կիրառում։ Այդ լուծումները պետք է հաշվի առնեն յուրաքանչյուր երկրի ազգային առանձնահատկությունները, առաջնահերթությունները, ներուժն ու զարգացման ուղիները։ Միևնույն ժամանակ, անթույլատրելի է չափազանց մեծ բեռ դնել զարգացող պետությունների վրա. ընդհակառակը, անհրաժեշտ է նրանց տրամադրել այն միջոցներն ու հնարավորությունները, որոնք թույլ կտան համատեղել բնության պահպանումը և կայուն զարգացումը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է իր գիտական, ակադեմիական և գործնական փորձը կիսել այլ երկրների հետ և կառուցողականորեն համագործակցել համաշխարհային հանրության հետ այս ընդհանուր գործի շրջանակում։ Մենք խորապես համոզված ենք, որ կենսաբազմազանության պահպանումը կարող է դառնալ տարածաշրջանում «էկոլոգիական դիվանագիտության» կարևորագույն հիմքը, մի տարածաշրջանում, որն առերեսվում է ինչպես արտաքին ուժերի անօրինական էքսպանսիոնիստական ներկայությամբ պայմանավորված անվտանգության ճգնաժամերին, այնպես էլ կլիմայական ցնցումներին, ջրային ռեսուրսների պակասին և էկոհամակարգերի դեգրադացիային։ Բնապահպանական համագործակցությունը ժողովուրդների միջև ամուր կամուրջներ է ստեղծում՝ ճանապարհ հարթելով համընդհանուր խաղաղության և անվտանգության, բնության հետ ներդաշնակության և կայուն ապագայի համար, որտեղ մարդկությունն ապրում է շրջակա աշխարհի հետ հավասարակշռության մեջ՝ պատերազմներից, արյունահեղությունից և ավերածություններից զերծ ապագայում, որտեղ կենսաբանական բազմազանությունը ծառայում է որպես ներկա և ապագա սերունդների բարգավաճման հուսալի հիմք», — նշել է Իրանի նախագահը։