Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն Միլանում և երկրի այլ քաղաքներում երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային անկարգությունները որակել է որպես սոցիալական ցանցերի և տեսահարթակների միջոցով Արևմուտքի դեմ մղվող «հիբրիդային պատերազմ»։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։ «Միլանում և Իտալիայի մյուս շրջաններում տեղի ունեցած իրադարձություններն արմատապես տարբերվում են նախկին դեպքերից։ Ես այս երևույթն անվանում եմ հիբրիդային պատերազմ՝ հակամարտություն, որը մեր երկրների դեմ մղվում է ոչ ավանդական միջոցներով՝ TikTok-ով, սոցիալական ցանցերով և YouTube-ով»,— երեքշաբթի օրը Հռոմում կայացած պաշտպանական գնումների համաժողովի ժամանակ հայտարարել է Կրոզետտոն։ Նրա խոսքով՝ արևմտյան երկրները դեռ չեն գիտակցել այս սպառնալիքի մասշտաբները և համարժեք պատասխան քայլեր չեն ձեռնարկել։ Նախարարը նաև պնդել է, որ երիտասարդության զգալի մասը կիսում է անկարգությունների մասնակիցների հայացքները։ Նրա գնահատմամբ՝ ցույցերին մասնակցել է տասը երիտասարդից երեքը, իսկ տասից վեցը համակարծիք է նրանց հնչեցրած գաղափարներին։ Կրոզետտոն ընդգծել է, որ խոսքը միայն Իտալիայում «մարանցա» անվամբ հայտնի երիտասարդական փողոցային խմբավորումների կամ ներգաղթյալների երկրորդ սերնդի ներկայացուցիչների մասին չէ։ «Ինչ-որ տեղ՝ ընտանիքից և դպրոցից դուրս, նրանք յուրատեսակ հակադաստիարակություն են ստացել։ Նրանց մեջ սերմանել են այնպիսի արժեքներ, հավակնություններ, աշխարհընկալում և ուղենիշներ, որոնք ուղղակիորեն հակասում են մեր հասարակությանն ու ժողովրդավարական կանոններին»,— նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Անցած հանգստյան օրերին երիտասարդների խմբերը Միլանում և Իտալիայի այլ շրջաններում հարձակվել են խանութների ու սուպերմարկետների վրա։ Անկարգությունների մասնակիցները կոտրել են ցուցափեղկերը, թալանել առևտրի կետերը և մինչև իրավապահների ժամանելն արագ ցրվել։ «Confcommercio» ոլորտային միավորման գնահատմամբ՝ բիզնեսին հասցված վնասը կազմել է շուրջ 1 միլիարդ եվրո։ Նոր ավերածությունների մտավախությամբ՝ Միլանի էլիտար բուտիկների թաղամասի բազմաթիվ խանութներ երկուշաբթի օրը փակ են մնացել։ Անկարգությունների մասնակիցները նաև բախվել են ոստիկանների հետ՝ նրանց ուղղությամբ նետելով քարեր, շշեր և ազդանշանային հրթիռներ։ Տուժել է 14 ոստիկան։ Աղբյուրի տվյալներով՝ իրավապահները բերման են ենթարկել ավելի քան 270 մարդու, որոնց մոտ 80%-ն անչափահաս է։
International News
Իտալիայում անկարգությունները 1 մլրդ եվրոյի վնաս են հասցրել բիզնեսին. ՊՆ-ն խոսել է «հիբրիդային պատերազմի» մասին

Source: KARTSIQ