Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության հակառակորդները փորձել են տապալել երկրի գործող իշխանությունը, մասնատել երկիրը, գրավել նրա առափնյա տարածքները, առաջացնել տնտեսական փլուզում և հրահրել ներքին անկարգություններ, հաղորդում է Tasnim-ը։ Սակայն, նրա պնդմամբ, այդ նպատակներից ոչ մեկը չի իրագործվել։ Երեքշաբթի Թեհրանում՝ իմամ Խոմեյնիի դամբարանում կայացած միջոցառմանն ունեցած ելույթում Վահիդին նշել է, որ Իրանի ժողովրդի անսասան դիմադրության շնորհիվ ուժերի հավասարակշռությունը փոխվել է։ ԻՀՊԿ հրամանատարի խոսքով՝ Իրանի հակառակորդները, թեև իրենց համարում են աշխարհում նյութական առումով ամենահզոր ուժը, ստիպված են եղել այլ պետությունների օգնությանը դիմել՝ Իրանի ժողովրդին դիմակայելու համար։ Նա հավելել է, որ նույնիսկ Վաշինգտոնի որոշ դաշնակիցներ հրաժարվել են բացահայտ միանալ այդ ջանքերին։ Վահիդին նաև հայտարարել է, որ Իրանը մասնակցում է միջազգային մակարդակում սոցիալական, քաղաքական և ուժային նոր իրողությունների ձևավորմանը։ Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության հակառակորդները ձախողվել են տարբեր ռազմավարություններ իրականացնելիս, իսկ Իրանի տոկունությունը նրանց դրել է դժվարին կացության մեջ՝ բարդացնելով երկրի դեմ հետագա գործողությունների վերաբերյալ որոշումների ընդունումը։
Международные новости
Противникам Ирана не удалось добиться свержения власти и расчленения страны — командующий КСИР

Источник: KARTSIQ