Կյանքի 88-րդ տարում մահացել է ռուսաստանցի հանրահայտ հեռուստատեսային «բժշկող» Անատոլի Կաշպիրովսկին, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը: Կաշպիրովսկին լայն ճանաչում էր ձեռք բերել Խորհրդային Միությունում 1980-ականների վերջին: 1989-ին Կենտրոնական հեռուստատեսությունը սկսեց ցուցադրել նրա «առողջության սեանսները», որոնց ընթացում Կաշպիրովսկին պնդում էր, թե կարողանում է հեռավար ազդել հեռուստադիտողների առողջության վրա: Հաղորդումները բազմամիլիոնանոց լսարան էին հավաքում: Կաշպիրովսկին նաև ելույթներ էր ունենում լեփ-լեցուն համերգասրահներում և մարզադաշտերում: Նրա մեթոդները բազմիցս քննադատել են գիտնականները և բժիշկները՝ ընդգծելով բուժական էֆեկտի գիտական ապացույցների բացակայությունը: 1993-ին Անատոլի Կաշպիրովսկին Ռուսաստանի առաջին գումարման Պետդումայի պատգամավոր էր ընտրվել Լիբերալ դեմոկրատական կուսակցությունից: 1995-ին Բուդյոնովսկում պատանդառման ժամանակ մասնակցել է Շամիլ Բասաևի հետ բանակցություններին՝ ձգտելով հիպնոսացնել նրան, սակայն ապարդյուն: 1990-ականների կեսերին Կաշպիրովսկին մեկնել է ԱՄՆ, որտեղ շարունակել է սեանսներ անցկացնել՝ հիմնականում ռուսախոս լսարանի համար, նաև պարբերաբար վերադարձել է Ռուսաստան և հրապարակային ելույթներ ունեցել: Ռուսաստանում նա պարբերաբար ներգրավվել է դատական գործերում, մասնավորապես՝ ապօրինի բժշկական գործունեության մեղադրանքով: 2020-ից Կաշպիրովսկին իր սենասներն է անցկացրել սեփական յութուբյան ալիքով: