ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն անդրադարձել է հոկտեմբերի 29–30-ին Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ղեկավարների 13-րդ գագաթնաժողովին՝ ներկայացնելով դրա աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակությունը, ինչպես նաև Հայաստանի համար հնարավոր մարտահրավերները։ Զաքարյանի դիտարկմամբ՝ գագաթնաժողովին ընդառաջ Անկարան ակտիվացրել է տեղեկատվական գործունեությունը, իսկ թյուրքական պետությունների «եղբայրության» մասին հայտարարությունների հետևում առավել հստակ են դառնում Թուրքիայի տնտեսական և ռազմավարական շահերը։ Նրա խոսքով՝ սպասվում է, որ գագաթնաժողովի առանցքային թեման կլինի լոգիստիկան։ Թուրքիայի և թյուրքական աշխարհի երկրների համար առաջնային ռազմավարական նախագիծը շարունակում է մնալ «Միջին միջանցքը», որի բաղադրիչներից է դիտարկվում նաև TRIPP-ը։ Խոսքը Չինաստանը Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի, Կովկասի և Թուրքիայի միջոցով Եվրոպային կապող տրանսպորտային երթուղու մասին է։ Արտակ Զաքարյանը նշել է, որ Արցախի ադրբեջանական օկուպացիայից հետո Թուրքիան հետևողականորեն ընդլայնում է թյուրքական պետությունների միջև լոգիստիկ կապերը։ Նրա գնահատմամբ՝ Ստամբուլն արդեն վերածվել է Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի համար կարևոր ավիացիոն հանգույցի, իսկ Թուրքիայի տարածքը դարձել է դեպի Եվրոպա տանող հիմնական տարանցիկ ուղղություններից մեկը։ Զաքարյանի համոզմամբ՝ Անկարան Թյուրքական պետությունների կազմակերպությունը դիտարկում է որպես աշխարհաքաղաքական հարթակ, որը միաժամանակ կարող է ծառայել երկու հիմնական նպատակի՝ Չինաստանի համար ապահովել դեպի Եվրոպա այլընտրանքային երթուղի, իսկ Եվրամիության համար՝ Ռուսաստանի տարածքը շրջանցող տարանցիկ ուղիների բազմազանեցում։ Նա հիշեցրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո դժվարություններ են առաջացել նաև Չինաստանն ու Եվրոպան կապող «Հյուսիսային միջանցքի» համար։ Ըստ Զաքարյանի՝ ստեղծված իրավիճակից փորձում են օգտվել «Միջին միջանցքի» լիարժեք գործարկմամբ շահագրգռված պետությունները՝ ներգրավելով նոր ներդրումներ։ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ռազմավարական նպատակն է ձևավորել Չինաստանից Եվրոպա ձգվող անխոչընդոտ, բազմամոդալ «թյուրքական միջանցք»՝ համադրելով ցամաքային և կասպյան տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Սյունիքով նախատեսվող TRIPP երթուղին։ Նրա գնահատմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից են հաղորդակցություններն ու էներգետիկան, որոնք այդ երկրների համար նաև տարածաշրջանային ազդեցության հիմնական գործիքներ են։ Անդրադառնալով Հայաստանի շահերին՝ Արտակ Զաքարյանն առանձնացրել է մի շարք ռազմավարական առաջնահերթություններ։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է ապահովել Հայաստանի անմիջական մասնակցությունը տարածաշրջանային տրանսպորտային նախագծերին, զարգացնել համապատասխան ենթակառուցվածքները և բազմազանեցնել «Հյուսիս–Հարավ» ու «Արևելք–Արևմուտք» ուղղություններով հաղորդակցությունները՝ առաջնահերթություն տալով «Հյուսիս–Հարավ» նախագծին։ Զաքարյանը նաև կարևորել է տարանցիկ ծրագրերի շրջանակում Հայաստանի ինքնիշխանության և լիակատար իրավազորության պահպանումը, բազմակողմ ներդրումային ու մրցակցային միջավայրի ձևավորումը՝ բացառելու համար տարածաշրջանային հաղորդակցությունների նկատմամբ մեկ կամ երկու պետության գերիշխող ազդեցությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է հավասարակշռված կերպով զարգացնի տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի, Եվրամիության, Իրանի, Հնդկաստանի և մյուս գործընկերների հետ։ Ամփոփելով իր դիտարկումները՝ Արտակ Զաքարյանը շեշտել է, որ «Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ»։