Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատավարության ֆարսը

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդների՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև նախկին բարձրաստիճան զինվորական և պետական գործիչներ Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և մյուսների բողոքների քննությունը: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի իշխանությունները հայ առաջնորդներին մեղադրում են շինծու մեղադրանքների ստանդարտ փաթեթով, ներառյալ՝ «ահաբեկչություն», «ցեղասպանություն» և «ագրեսիվ պատերազմի վարում», որոնք Բաքուն ավանդաբար օգտագործում է հայերի հալածանքների համար:

Նիստի ընթացքում Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հանդես է եկել ելույթով, վճռականորեն հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ իրեն մեղավոր չի ճանաչում կեղծված հոդվածներից և ոչ մեկով։

Նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել նաև ապօրինաբար պահվող մյուս անձինք: Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում ընդգծել է, որ լիովին անմեղ է, իսկ նրա պաշտպանական կողմը պահանջել է չեղարկել 2026 թվականի փետրվարի 5-ի անօրինական դատավճիռը և ամբողջությամբ արդարացնել պաշտպանյալին։ Հայ պատանդ Վասիլի Բեգլարյանը նույնպես դատարանին հայտնել է իր անմեղության մասին, որից հետո նրա փաստաբանը պահանջել է անվավեր ճանաչել Բաքվի զինվորական դատարանի որոշումը և արդարացման վճիռ կայացնել։

Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 14-ին։

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվում ավարտվեց ցուցադրական դատավարությունը, որի արդյունքներով հայ քաղաքական և ռազմական գործիչների նկատմամբ կայացվեցին դաժան ու անօրինական դատավճիռներ։ Ադրբեջանական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց  նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին և Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանին։ Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ստացան 20-ական տարվա ազատազրկում։ Պահվող մյուս անձինք՝ Մադաթ Բաբայանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Դավիթ Ալլահվերդյանը, Լևոն Բալայանը, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը, դատապարտվեցին 15-ից մինչև 19 տարվա ազատազրկման։ Իրավապաշտպաններն ու միջազգային կազմակերպությունները բազմիցս հայտարարել են, որ Բաքվում հայ գերիների դատավարությունները միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են, իսկ բուն գործընթացները քաղաքական ֆարսի բնույթ են կրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով