ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի պատրաստվում 2028 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրել իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու մտադրության մասին հայտարարի գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այս մասին, հղում անելով պետքարտուղարի շրջապատի սեփական աղբյուրներին, հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Ռուբիոն իր խորհրդականների և օգնականների հետ զրույցներում բազմիցս նշել է, որ պատրաստ է տեղը զիջել Վենսին։ Միևնույն ժամանակ, ինչպես մատնանշում է AP-ն, Ռուբիոն, համատեղելով պետքարտուղարի և ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականի պաշտոնները, վերջին ամիսներին զգալիորեն ամրապնդել է իր ապարատային դիրքերը՝ իր թիմակիցներին նշանակելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի առանցքային պաշտոններում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fortune ամսագրին տված հարցազրույցում խուսափել էր պատասխանել իր հնարավոր իրավահաջորդի մասին հարցին, որը 2028 թվականի ընտրություններում հաղթելու դեպքում, պետք է շարունակի «Ամերիկան՝ առաջին հերթին» (America First) քաղաքականությունը։ Ամերիկյան մամուլը բազմիցս գրել է, որ հենց Ռուբիոն ու Վենսն են հանրապետականների այն հիմնական թեկնածուները, որոնք երկու տարի անց կպայքարեն ԱՄՆ նախագահի պաշտոնի համար:

