Մայիսի 29-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածաբար հարձակվել են Վոլգոգրադի «վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների» վրա, հայտնել է Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։ Բացի այդ, անօդաչուները հարվածել են նաև հարևան Վոլժսկ քաղաքի սինթետիկ մանրաթելի գործարանին։ Մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը տուժել է։ Բացի այդ, վնասվել է Վոլգոգրադի Կրասնոօկտյաբրսկի շրջանի բազմաբնակարան բնակելի շենքերից մեկը։ Դրոնների բեկորների ընկնելու հետևանքով հրդեհներ են առաջացել, որոնք արագ մարվել են, նշել է Բոչարովը։
Astra-ի տվյալներով՝ հարվածի տակ է հայտնվել Վոլգոգրադի մարզի ամենախոշոր նավթավերամշակման գործարանը՝ «Լուկոյլ-Վոլգոգրադնեֆտեպերերաբոտկա»-ն։ Ձեռնարկության հզորությունը կազմում է տարեկան ավելի քան 15 մլն տոննա նավթ։ Գործարանն արտադրում է բենզին, դիզելային վառելիք, ավիավառելիք, մազութ, բիտում և այլ նավթամթերքներ։ Պատերազմի ընթացքում այն առնվազն տասն անգամ ենթարկվել է գրոհների։ Վերջին գրոհը եղել է փետրվարին։ Դրանից հետո նավթավերամշակման գործարանը լիովին դադարեցրել է աշխատանքը։ Անցած գիշեր անօդաչուները գրոհել են նաև Յարոսլավլը, հայտնել է Յարոսլավլի մարզի ղեկավար Միխայիլ Եվրաևը։ «Հարված է հասցվել վառելիքի պահեստավորման արդյունաբերական օբյեկտներին։ Հրդեհը մարում են հատուկ ծառայությունները։ Տուժածներ չկան», — նշել է Եվրաևը։ Միաժամանակ, նա հայտարարել է քաղաքի ելքի մոտ՝ դեպի Մոսկվա ուղղությամբ, տրանսպորտի շարժի սահմանափակման մասին։
Յարոսլավլից Մոսկովյան պողոտայով և Հարավարևմտյան օղակաձև ճանապարհով դուրս եկող հատվածում է գտնվում քաղաքի խոշոր արդյունաբերական գոտին, գրել է Astra-ն։ Այնտեղ տեղակայված են նավթավերամշակման և վառելիքային օբյեկտներ, մասնավորապես՝ «Սլավնեֆտ-Յարոսլավնեֆտեօրգսինթեզ»-ը (ՅԱՆՕՍ) և Յարոսլավլի «Սպեցտորգ Պլյուս» նավթաբազան։ Վերջինիս պահուստային հատվածի ծավալը կազմում է 300 հազար խորանարդ մետր։ Բացի այդ, արդյունաբերական գոտում գործում է բիտումի գործարան, այստեղ է գտնվում նաև ՋԷԿ-3-ը։
ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ անցած գիշեր Ռուսաստանի և անեքսիայի ենթարկված Ղրիմի տարածքում խոցվել է ինքնաթիռային տիպի 208 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Դրոնները որսացել են Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Սարատովի, Տվերի և Յարոսլավլի մարզերում, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասում։

