Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Կտրուկ վատացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։ Պարբերականի տեղեկություններով՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակի վատացման պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է։ Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու լուսանկարները։ Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին 2 ամսով կալանավորել խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով։ Իրավապահները հրապարակել էին Ծառուկյանի ձերբակալման տեսանյութը, որում Ծառուկյանին տապալել էին գետնին։ Հուլիսի 8-ին ԱԺ նախկին պատգամավոր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն ու աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանն աջակցություն էին հայտնել Ծառուկյանին։ Ջուլֆալակյանը քննադատել էր նրա նկատմամբ իրականացված գործողությունները՝ դրանք անվանելով «այլանդակություն»։ Ավդալյանն ընդգծել էր, որ «ցանկացած պարագայում պետք է պահպանվի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը» և, որպես մարդ ու մարզիկ, չի կարող անտարբեր մնալ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով