Հայաստանի իշխանությունն է, որ քաղաքական իրավիճակից ելնելով՝ փախել է Արցախի հարցով իր սկզբունքներից և մոտեցումներից, այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախից քաղաքական էլիտան փախել է:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Արցախի հարցի հետ կապված Փաշինյանը երեք անգամ դիրքորոշում է փոխել:
«Երբ քաղաքական գործչի քաղաքականության հետևանքը հազարավոր զոհերն են լինում, վիրավորները, գերեվարվածները, տարածքային կորուստները. երկու ճանապարհ ունի՝ կամ պետք է ներողություն խնդրի և հրաժարական տա, կամ անարդյունք պայքարի՝ փորձելու ցույց տալ, որ ինքը ստեղծված իրողությունների և ողբերգությունների շղթայի հետ որևէ առնչություն չունի: Փաշինյանը ընտրել է երկրորդ ճանապարհը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

